|
  • Русский
  • English

Շմոլ գազից թունավորման դեպքեր են գրանցվել

Շմոլ գազից թունավորմամբ 8-ամյա տղային երեկ Վանաձորից տեղափոխել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոց: Նրա ծնողներն առաջին բժշկական օգնություն ստացել են տեղում: Տանը երեխան ունեցել է ուշագնացություն, սրտխառնոց, փսխումներ: Վիճակը տեղափոխման ընթացքում եղել է միջին ծանրության:

Համալսարանական հիվանդանոցի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում բուժառուն ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն, ինչպես նաև անցել է բարոթերապիայի մեկ սեանս: Այժմ վիճակը գնահատվում է լավ, այսօր նա դուրս կգրվի համալսարանական բժշկական հաստատությունից:

Նշենք, որ նաև նախորդ շաբաթ օրը Արարատի մարզի Մրգանուշ գյուղից հիվանդանոց ընդունվել էր ընտանիք կրկին շմոլ գազից թունավորված` 30-ամյա մայրը 10, 9 և 3 տարեկան երեխաների հետ: Վիճակը գնահատվել է ծանր, վերակենդանացման կլինիկայից հետո կրկին Բարոթերապիայի ծառայությունում են բուժում ստացել: Հարկ է նշել, որ շմոլ գազից թունավորումների արդյունավետ բուժման համար լայնորեն կիրառվում է բարոթերապիան, որի հանրապետությունում եզակի մանկական ծառայությունը ներդրվել է «Մուրացան» հիվանդանոցային համալիրում 2021 թվականի դեկտեմբերին:

Հարկ է նշել, որ ծառայությունը մատուցվում է ժամանակակից սարքավորումով, արտերկրում վերապատրաստված մասնագետի կողմից: Այն մեծապես նպաստում է նաև շմոլ գազից թունավորված պացիենտների առողջության վերականգմանը՝ նշանակալի կրճատելով բուժման տևողությունը և բարձրացնելով բուժման արդյունավետությունը: Հիշեցնում ենք, որ շմոլ գազից թունավորման առավել տարածված ախտանշաններն են գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը և քնկոտությունը, զարկ քունքերում, ականջներում աղմուկ, փսխում, արցունքահոսություն, զարգանում է մկանային թուլություն, ցնցումներ, հնարավոր է գրգռվածություն, դեմքի մաշկը կարմրում է, ավելի ճիշտ՝ դառնում կապտավուն մուգ կարմիր, նկատվում է հաճախասրտություն, ընկնում է արյան ճնշումը, շնչառությունը դառնում է մակերեսային կամ նույնիսկ դադարում։

Հարգելի՛ քաղաքացիներ, ուշադրությունը կենցաղում օգտագործվող վառարանների և գազօջախների սպասարկմանը, հետևողականությունը և անվտանգության կանոնների պահպանումը կարող է էապես նվազեցնել պատահարնների հավանականությունը:

 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել