|
  • Русский
  • English

Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Օրը ոչ միայն թույլ է տալիս շեշտելու, կարևորելու հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը հիվանդության մասին, այլև առիթ է ևս մեկ անգամ գնահատելու ոլորտի մասնագետներին ՝ պատասխատատու, բարդ, նվիրված աշխատանքի համար:

Օրվա խորհրդով ձեզ ենք ներկայացնում ֆոտոշարք «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիայի կլինիկայից:

Այն հանրապետության միակ մանկական էնդոկրին բաժանմունքն է, որին կից գործում է Մանկական էնդոկրին դիսպանսերային ծառայությունը: Այստեղ հաշվառված է տիպ 1 շաքարային դիաբետ ունեցող հանրապետության 911 երեխաներից 817-ը, ինչպես նաև վահանաձև գեղձի հիվանդություններ, մակերիկամների կեղևի բնածին դիսֆունկցիա, աճի հորմոնի անբավարարություն, վաղաժամ սեռահասունացում եվ այլ էնդոկրին խնդիր ունեցող երեխաները:

Կլինիկան սպասարկում է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների:

Այստեղ հետազոտվում, ախտորոշվում և բուժվում են էնդոկրին հետևյալ հիվանդությունները` շաքարային դիաբետ, ոչ շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի հիվանդություններ, ճարպակալում, մազակալում, մակերիկամների հիվանդություններ, աճի դանդաղումն ու ֆիզիկական թերզարգացում, սեռական թերզարգացում ու վաղաժամ սեռական հասունացում, էնդոկրին այլ հիվանդություններ:

Էնդոկրինոլոգիայի կլինիկայում մշտապես գործում է «Դիաբետի դպրոց» դասընթացը ՝ դիաբետով երեխաների, նրանց ծնողների, ինչպես նաև մեծահասակների համար:

Կլինիկայի բժիշկները պարբերաբար վերապատրաստվում են Եվրոպայի և ՌԴ էնդոկրինոլոգիական կենտրոններում և տիրապետում են արդի դիաբետոլոգիայի բոլոր մոտեցումներին՝ ներառյալ նորագույն ինսուլինները, գլյուկոզայի շարունակական մոնիթորինգը, պոմպային ինսուլինոթերապիան։

Կլինիկան ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի հիմնական ուսումնական բազան է: Մեր բոլոր պացիենտներին մաղթում ենք դիաբետի դեմ արդյունավետ պայքար, բժիշկների հետ արդյունավետ ու վստահության վրա հիմնված փոխգործակցություն:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել