|
  • Русский
  • English

«Մուրացան»-ի թիմին է միացել երկար տարիների փորձառությամբ առաջատար վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը

Ուրախությամբ պետք է հայտնենք, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մեծ թիմին է միացել ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Նիկոլայ Դալլաքյանը: Երկար տարիների մեծ փորձառությամբ վիրաբույժը ղեկավարելու է մեր համալիրի Մանկական վիրաբուժության կլինիկան:

Նիկոլայ Դալլաքյանը բժիշկ-մանկաբույժ է, առողջապահության հմուտ կազմակերպիչ՝ բուժհաստատության ղեկավարման տասնամյակների փորձով: 1984 թվականից մինչև 1989 թվականը եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական վիրաբուժության ամբիոնի ասիստենտ, 1989 թվականից մինչև օրս բժշկական բուհի Մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ է: Մինչև 1995 թվականը՝ Երևանի թիվ 3 մանկական հիվանդանոցի մանկական վիրաբույժ, 1995-2016 թվականներին եղել է Երևանի գլխավոր մանկական վիրաբույժը։

Նիկոլայ Դալլաքյանը 2007 թվականից մինչև օրս Հայկական մանկաբուժական ասոցիացիայի փոխնախագահն է, տարիներ շարունակ զբաղեցրել է ՀՀ ԱՆ գլխավոր մանկական վիրաբույժի պաշտոնը։ Բազմաթիվ վերապատրաստումներ է անցել Հայաստանում և արտերկրում: Շնորհավորում ենք մեր գործընկերոջը Մանկական Վիրաբուժական կլինիկայի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթում արգասաբեր աշխատանք՝ ուղղված փոքրիկների առողջության պահպանմանը: Տեսանյութում բժիշկը մանրամասնել է մանկական վիրաբուժության առանձնահատկությունների և բնածին զարգացման արատների մասին:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել