Գիտագործնական կոնֆերանսին «Մուրացան» համալիրի գինեկոլոգ Մարիամ Մնացականյանը կլինիկական դեպք է ներկայացրել: Թեման էր մեմբրանոզ դիսմենոռեա:
Բժշկի փոխանցմամբ` այն խիստ հազվադեպ պաթոլոգիա է, առաջին անգամ նկարագրվել է իտալացի բժիշկ, պաթոլոգիական անատոմիայի հիմնադիր Ջիովանի Մորգանինիի կողմից:
Մեմբրանոզ դիսմենոռեայի դեպքում դաշտանային ցիկլի ընթացքում էնդոմետրիումը ամբողջությամբ շերտազատվում և դուրս է գալիս հեշտոցից ուղեկցվելով խիստ ցավերով:
«Առաջացման պատճառներից է էստրոգեն/պրոգեստերոնային բալանսի խանգարումները, բորբոքումները, պերօռալ հակաբեղմնավորիչների և պրոգեստերոն պարունակող հաբերի ընդունումը: Պացիենտը դիմել էր կլինիկա` գանգատվելով որովայնի ստորին շրջանի ցավերից, սրտխառնոցից, փսխումից, գլխացավ/գլխապտույտից, ընդհանուր թուլությունից: Անամնեզում օգտագործել էր պերօռալ հակաբեղմնավորիչներ, որոնք էլ բերել են մեմբրանոզ դիսմենոռեայի առաջացմանը»,- մանրամասնում է նա` հավելելով, որ բուժումը ներառում է դեղերի դադարեցում կամ դեղաչափի շտկում:
Նշենք, որ հունիսի սկզբին Հունաստանում Մարիամ Մնացականյանը վերապատրաստում է անցել, որը ներառում էր մանկական գինեկոլոգների համար թրեյնինգներ հիստերոսկոպիայի, վագինոսկոպիայի և ուլտրաձայնային հետազոտությունների մասին:







