ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական համալիրի բարոթերապիայի ծառայությունը նշում է մեկամյակը: 365 օրվա ընթացքում Բարոթերապիայի ծառայությունը սպասարկել է 187 բուժառուի՝ 143 ստացիոնար, 44 ամբուլատոր:
Ընդհանուր իրականացվել է 667 բարոսենս, որից 97-՝ պայմանավորված շմոլ գազի թունավորմամբ, մնացածը՝ ֆլեգմոնա, ֆասցեիտ, օստեոմիելիտ, բոտուլիզմ, օձիխայթոց, լեյշմանիոզ մաշկային ձև, էգզեմա, ակնե, աուտիզմ, շաքարային դիաբետ, նեկրոզացնող պանկրեատիտ, մուկովիսցիդոզ, խրոնիկ հոգնածության համախտանիշ, հետքովիդային համախտանիշ, անքնություն, նեկրոզված ուշ լավացող վերքեր, հետվիրահատական վերականգնողական բուժում, նեյրոպաթիա, հաստ աղու էռոզիվ կոլիտ, անբավարար փառթամություն:
Հիշեցնենք, որ հիպերբարիկ (գերճնշումային) օքսիգենացիան (թթվածնացման) ժամանակակից վերականգնողական բուժման մեթոդ է և իրականացվում է թերապևտիկ բուժմանը զուգահեռ` թիմային աշխատանքի արդյունքում գրանցելով գերազանց արդյունքներ:
Աշխարհում հայտնի այս մեթոդը լայնորեն կիրառվում է էնդոկրինոլոգիայի, ստոմատոլոգիայի, գաստրոէնտերոլոգիայի, կոսմետոլոգիայի, պլաստիկ վիրաբուժության, այլ ոլորտներում:
Բարոթերապիայի շնորհիվ օրգանիզմի բջիջներին 5-ց 10 անգամ ավելի արագ է հասցվում թթվածին: Մեթոդը լայնորեն կիրառվում է ոչ միայն սուր թունավորումների ընդհանուր ծառայության մեջ, այլև հետքովիդային բարդությունների ժամանակ:

