Մանկաբուժական մեր մեծ թիմի անդամները Լիսաբոնում Մանկական ինֆեկցիոն հիվանդությունների եվրոպական ասոցիացիայի (ESPID 2023) 41-րդ տարեկան համագումարին են մասնակցել: «Մուրացան» համալսարանական համալիրից մասնակցել են երեք բժիշկ և երեք կլինիկական օրդինատոր:
Մանկաբուժության թիվ 1 կլինիկայի ղեկավար Կարինե Սիմոնյանը, նույն կլինիկայի բժիշկ Անահիտ Գրիգորյանը, բոքսային բաժանմունքի բժիշկ Լեռնիկ Մարտիրոսյանը և ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի կլինիկական օրդինատորներ Մարկ Գրիգորյանը, Հասմիկ Եղիազարյանը և Ռոզա Քիշոյանը հանդես են եկել վեց պոստեր զեկույցների ներկայացմամբ:
Լեռնիկ Մարտիրոսյանը, Անահիտ Գրիգորյանը և Մարկ Գրիգորյանը դրամաշնորհ են շահել և մասնակցել երիտասարդ բժիշկների համար նախատեսված աշխատաժողովի (Walter Marget Workshop): Մարկ Գրիգորյանի զեկույցը լավագույնն է ճանաչվել աշխատաժողովի «Աղեստամոքսային ուղու և լյարդի ինֆեկցիաներ» թեմայում: ESPID-ի տարեկան հանրագումարն ամենամյա միջոցառում է, որի շրջանակում աշխարհի տարբեր անկյուններից ժամանող մանկաբույժները փոխանակում են իրենց գիտելիքներն ու փորձը՝ այն կիրառելով հօգուտ երեխաների առողջության պահպանման: Համագումարը հարթակ է առաջնային մանկական ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետների համար, ովքեր ցանկանում են միշտ թարմ պահել գիտելիքները` գիտական փորձառությունը կիրառելով կլինիկական ոլորտում, ներկայացնել իրենց հետազոտական գործունեությունը, ինչպես նաև ձեռք բերել նոր փորձ և ապահովել զարգացում:


