«Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որը կրում է մերօրյա հերոս, հանուն հայրենիքի անմահացած Ալեն Մարգարյանի անունը, խաղալիքների մի մեծ ու երեխաներին բուժօգնություն տրամադրելու գործում շատ օգտակար նվիրատվությամբ հանդես եկավ «Մուրացան» հիվանդանոցում:
Խաղաթեապիայի կաբինետի պատասխանատու, հոգեբան, Մանկական էնդոկրինոլոգիական դիսպանսեր ծառայության հոգեբան Օլյա Մուսոյանը նշում է, որ կարևոր է, որ այս խաղալիքներն օգտագործվում են փոքրիկների հետ աշխատանքում, ժամանցային չեն, հիմնականում կիրառվում են հոգեբանի և հատուկ մանկավարժի հետ աշխատանքում: Մեջբերելով ոլորտի գրականության օրինակներ, նա ընդգծում է, որ գոյություն ունեն պարագաների և խաղալիքների ընտրության տարբեր մոտեցումներ:
«Խաղալիքները երեխայի հաղորդակցման միջոցներն են և առավելապես ծառայելու են թերապևտիկ նպատակներով, խաղային հոգեթերապիայի համար, երբ երեխայի խոսքերին փոխարինելու են գալիս խաղալիքները։ Ինչպես նշում է ամերիկացի հոգեբանության պրոֆեսոր Հարրի Լենդրեթը՝ երեխաները «խոսում են» խաղալիքների օգնությամբ։ Խաղալիքները կարող են լինել յուրաքանչյուր երեխայի ներաշխարհի խորհրդանիշները։ Խաղալիքները հնարավորություն են ընձեռում երեխայի ինքնաարտահայտմանը, ինքնաճանաչմանը։ Հոգեախտորոշիչ աշխատանքների իրականացման համար ևս դրանք շատ կարևոր նշանակություն ունեն»,- մանրամասնում է Օլյա Մուսոյանը` հավելելով, որ խաղալիքները օգնում են երեխայի իմացական գործընթացների զարգացվածության մակարդակի ախտորոշմանը նախադպրոցական, կրտսեր դպրոցական տարիքում, ինչպես նաև դեռահասի իմացական գործընթացների զարգացվածության մակարդակի, ընտանեկան և միջանձնային փոխհարաբերությունների ախտորոշմանը:
Շնորհակալություն հայտնելով այս նախաձեռնության համար, նշենք, որ բարեգործական հասարակական կազմակերպությունը զբաղվում է կրթության և մշակույթի ոլորտում բարեգործությամբ, և հաշմանդամություն ունեցող երեխաների հոգածությամբ:







