|
  • Русский
  • English

Ատոպիկ դերմատիտ. հիմնական ախտանշանները և բուժման հնարավոր ընթացքը

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժության 2-րդ կլինիկայի ղեկավար Մարի Դարակչյանն անդրադարձել է ատոպիկ դերմատիտին՝ նշելով մաշկի բորբոքային ախտահարման այս տեսակի հիմնական ախտանշանները և բուժման հնարավոր ընթացքը:

Ատոպիկ դերմատիտը մաշկի խնդիր է, որի դեպքում մաշկը դառնում է չոր, առաջանում է քոր, կարմրություն, ինչպես նաև արտահայտված եզրագծով ցանավորում:

Այն կարող է ախտահարել երեխային նորածնային շրջանից սկսած մինչև մանկության ավարտը: Այն որոշակի դեպքերում շարունակվում է մեծահասակների շրջանում:

Չնայած նրան, որ ատոպիկ դերմատիտի պատճառներն ամբողջովին հասկացված չեն, ամեն դեպքում գենետիկան կարևոր դեր է խաղում և խնդիրն առավել տարածված է որոշակի ընտանիքներում:

Այն մարդիկ, որոնք ունեն ատոպիկ դերմատիտի ընտանեկան անամնեզ, ավելի բարձր ռիսկի խմբում են այս հիվանդության առաջացման առումով: Պետք է նշել, որ տարբեր մարդկանց մոտ ախտանշանները կարող ենտարբեր ձևով արտահայտվել:

Կրծքահասակ երեխաների մոտ հիմնական տեղակայումը դիմային է, ախտահարվում է դեմքը, այտը, իսկ նախադպրոցական և դպրոցական հասակի երեխաների մոտ հիմնականում ախտահարվում են ծալիչ մակերեսները:

Մեծահասակների մոտ կարող է ախտահարվել կոնկրետ մի հատված և երկարատև քրոնիկ ընթացք ունենալ, աչքերի տակ կարող են առաջանալ նաև ծալքեր կամ մգության առկայություն դիտվել:

Որևիցե հետազոտություն, որը կարող է հերքել կամ հաստատել ատոպիկ դերմատիտը՝ չկա:

Բուժումը կարող է ընթանալ փուլերով, պետք է հայտնաբերել և հսկել այն արտաքին գործոնները, որոնք հնարավոր է կառավարել, որպեսզի բարդություններ չառաջանան խնդրի զարգացման ընթացքում:

Երեխան չպետք է գտնվի սառը և չոր միջավայրում, պետք է չունենա ավելորդ գերարտադրություն, չտանի էմոցիոնալ սթրեսներ և դեպրեսիաներ, արագ ջերմաստիճանի փոփոխություններ չլինեն՝ սառը օդից տաքը և այլն:

Ատոպիկ դերմատիտը չի բուժվում ամբողջությամբ, սակայն ուրախալին այն է, որ որոշ երեխաների մոտ մինչև 5-7 տարեկան հասակը հիվանդությունը կարող է ընթանալ, այնուհետև ամբողջությամբ անհետանալ:

Խնդրի բուժմամբ զբաղվում են մանկաբույժները, սակայն եթե բուժումները որևէ դրական արդյունք չեն տալիս, և կարիք կա առավել խորը կամ համակարգային այլ դեղամիջոցների օգտագործմանը, ապա երեխային կարելի է ուղղորդել մաշկաբանի մոտ:

Հնարավոր է սահմանափակման կարիք լինի նաև որոշ խնամիքի միջոցների օգտագործման հարցում, քանի որ մաշկը կարող է լինել զգայուն:

Պետք է խուսափել փոշոտ միջավայրից, սահմանափակել տաք ցնցուղները, լոգանքից անմիջապես հետո քսել խոնավեցնող քսուքներ:

Հարցերի դեպքում կամ խորհրդատվության համար կարող եք դիմել Մանկաբուժության թիվ 2 կլինիկա՝ 010 301 000 ներքին 561, 565, 566, 568:

 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել