Կարիեսի և դրա բարդությունների տարածվածությունը լուրջ սպառնալիք է երեխաների առողջության համար և շարունակում է մնալ մանկական ստոմատոլոգիայի կարևորագույն խնդիրներից մեկը։ 1.5-18 տարեկանում կարիեսի տարածվածությունը կազմում է մոտ 70–90 տոկոս։
Թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար Անահիտ Եղիազարյանի խոսքով, ցավալի է փաստել, որ մարդիկ հաճախ դիմում են ստոմատոլոգի միայն ցավային ախտանիշների ի հայտ գալուց հետո:
«Մենք հիմնականում կարողանում ենք ստոմատոլոգիական միջամտություններն իրականացնել ամբուլատոր պայմաններում։ Սակայն զգալի թիվ են կազմում այն երեխաները, որոնք թույլ չեն տալիս ոչ մի գործողություն կատարել: Մեզ դիմող երեխաների մոտ 75%-ի դեպքում առկա է վախի անհաղթահարելի զգացում, 20%-ը ունի նյարդաբանական ախտորոշումներ՝ աուտիզմ, մանկական ուղեղային կաթված, էպիլեպսիա, միկրոցեֆալիա, Դաունի համախտանիշ, զարգացման հապաղումներ և այլն, իսկ 5%-ի մոտ առկա են այլ սոմատիկ հիվանդություններ՝ սրտի արատներ, լսողության և տեսողության խանգարումներ, էնդոկրին և արյան հիվանդություններ։
Կա նաև «ստոմատոլոգիական հոգնածություն» երևույթը, երբ մի հաճախումից մյուսը երեխան դժվար է համակերպվում տեղային անզգայացմանը, բոռ մեքենայի ձայնին, դեղամիջոցների համ ու հոտին, բերանը երկար ժամանակ բաց պահելու պահանջին: Նման դեպքերում է ծնողի հետ միասին որոշվում իրականացնել ընդհանուր անզգայացմամբ բուժում»,-նշում է Թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավարը:
Ամբողջ աշխարհում մինչև 3 տարեկան երեխաներին ատամների բուժումը խորհուրդ է տրվում միայն ընդհանուր անզգայացման պայմաններում: Այդ տարիքում վաղ մանկական կարիեսը առաջանում է հիմնականում գիշերները քաղցրեցված կաթնամթերքով, հյութերով կամ արդեն փշրվող ատամների դեպքում շարունակական կրծքի կաթով կերակրելու հետևանքով:
«Ընդհանուր անզգայացմամբ ատամների սանացիան հնարավորություն է ստեղծում մեկ այցով բուժել կարիեսը և նրա բարդությունները, խուսափել երեխայի հոգեհուզական լարումից, երբ նա քնած է և չի զգում ձայներ, հպումներ, համ ու հոտ և կարևորը՝ ցավ: 10 տարուց ավելի մենք անեսթեզիոլոգների, մանկաբույժների, նյարդաբանների, էնդոկրինոլոգների և այլ մասնագետների հետ համատեղ, ինչպես նաև վերջիններիս կողմից կատարված խորհրդատվությունների հիման վրա՝ իրականացնում ենք ընդհանուր անզգայացմամբ սանացիա: Պլանային կարգով հետազոտվում է երեխայի սրտի աշխատանքը, կատարվում է արյան և մեզի կլինիկական, բիոքիմիական անալիզներ, կրծքավանդակի ռենտգեն՝ ըստ վիրահատվող հիվանդի հետազոտման գործելակարգի: Արդեն իսկ վիրահատարանում, քնած ժամանակ, շարժական ռենտգեն սարքի միջոցով կատարվում է լրացուցիչ հետազոտություն, որով ամրագրվում են վերջնական արդյունքները: Երեխայի դուրս գրման ժամանակ տրվում են լրացուցիչ խորհուրդներ և նշվում են հետագա այցերի ժամկետները»:
Մասնագետը ծնողներին խորհուրդ է տալիս անգամ մի փոքր ատամի էմալի գույնի փոփոխության կամ փշրումի դեպքում անմիջապես դիմել բժշկի, քանի որ կարևոր է վաղ ախտորոշումը և շարունակական բուժումը: Ներկայումս ընդհանուր անզգայացմամբ առողջացումը (սանացիան) մանկական ստոմատոլոգիայի անբաժան մասն է և ունի միտում ավելի զարգանալու և ընդլայնվելու՝ ի բարօրություն մեր երեխաների առողջության:

