|
  • Русский
  • English

Տարեցտարի տարածվող ու երիտասարդացող շաքարային դիաբետի առաջացման պատճառներն ու կառավարման եղանակները. մեկնաբանում է բժիշկը

2023-ի տվյալներով՝ ՀՀ-ում շաքարային դիաբետ է ախտորոշված 15 տարեկան և բարձր 112. 904 մարդու մոտ. անցած տարվա ընթացքում 12.835-ի մոտ առաջին անգամ արձանագրվել է շաքարային դիաբետ: Այսինքն՝ ՀՀ-ում 15 տարեկանից բարձր ամեն հարյուր հազար բնակչից միջինում 4708,3-ի մոտ արձանագրված է այս հիվանդությունը:

2023-ի ընթացքում 1-14 տարեկան 106 երեխաների մոտ առաջին անգամ ախտորոշվել է շաքարային դիաբետ, 2022-ին այս թիվը կազմել էր 133:

2023-ին Հայաստանում ամեն 100.000 երեխայի հաշվով շաքարային դիաբետ է ախտորոշվել 18.7-ի մոտ:

Ի դեպ, մեր երկրում բացարձակ արժեքով 15 տարեկանից բարձր 107540 անձ 2023-ին գտնվել է դիսպանսերային հսկողության ներքո, իսկ 0-14 տարեկան՝ 539 անձ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության 1-ին կամ 2-րդ տիպի դիաբետ ունեցող մարդկանց թիվը 1990 թվականից ի վեր ավելի քան քառապատկվել է՝ 2022 թվականին գերազանցելով 800 միլիոնը:

«Ամբողջ աշխարհում շաքարային դիաբետը միտում ունի տարածվելու և երիտասարդանալու, այդ թվում՝ Հայաստանում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում արձանագրում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Ելենա Աղաջանովան:

«Երիտասարդանում է նաև ՏԻՊ 2 շաքարային դիաբետը, որը համարվում է մեծահասակների դիաբետ: Այն արդեն 40, անգամ 30 տարեկանից ավելի ցածր տարիքում է հանդիպում, և որ ամենավատն է՝ նաև դեռահասների մոտ»,- նշում է մասնագետը:
Ըստ Ելենա Աղաջանովայի՝ մեծահասակներին բնորոշ ՏԻՊ 2 շաքարային դիաբետի՝ դեռահասների, երիտասարդների շրջանում ախտորոշվելը մի քանի գործոններ ունի.

«Հիմնականում կապված է ճարպակալման հետ, դրան նպաստող բոլոր պայմանները բերում են դիաբետի տարածվածության: Դեպքերի շատացմանը նպաստում են նաև սխալ սնունդը, նստակյաց կյանքը, սթրեսային իրավիճակները, և, իհարկե, ժառանգական նախատրամադրվածությունն ունի իր նշանակությունը»:

«Այսինքն՝եթե երեխայի ծնողն ունի ՏԻՊ 2 դիաբետ, ապա կյանքի ընթացքում նրա մոտ այդ հիվանդությունն ախտորոշվելու մինչև 60 տոկոս հավանականություն կա: Եթե երկու ծնողն էլ ունեն ՏԻՊ 2 դիաբետ, ապա մինչև 90-100 տոկոս է հավանականությունը, որ երեխան կունենա դիաբետ»:

Պրոֆեսոր Աղաջանովան բացատրում է, որ ավելանում է նաև այն երեխաների թիվը, որոնց մոտ ախտորոշվում է ՏԻՊ 1 դիաբետ, որը հիմնականում հանդիպում է հենց երեխաների մոտ.«Սա ինսուլին-կախյալ դիաբետն է, երբ երեխայի օրգանիզմում գնում է ինսուլին արտադրող բջիջների քայքայում և երեխաների միակ բուժումը ինսուլինով փոխարինող բուժումն է: Այսինքն՝ պետք է ամենասկզբից ստանան ինսուլին՝ մինչև կյանքի վերջ: Այս դեպքում էլ գենետիկ նախատրամադրվածությունը միշտ նշանակություն ունի, ուշադրություն ենք դարձնում նաև գենային մուտացիաներին, որոնք փոխանցվում են ծնողներից, բայց կարող են ձևավորվել նաև այլ գործոնների պատճառով»:

Սկզբնաղբյուր

Ինչպես կարող ենք ձեզ օգնել