|
  • Русский
  • English

Երեխաների շրջանում շարժողական խանգարումների տարբերակիչ ախտորոշման ալգորիթմերը

Վաղ մանկական տարիքի երեխաների շրջանում հաճախ արձանագրվում են պարոքսիզմալ վարքագծեր, ինչպիսիք են բերանի շրջանի և լեզվի շարժումները, պառկած դիրքում հեծանիվ վարելու, քայլելու և ձեռքերի պտտվող շարժումները, որոնց անհրաժեշտ է տարբերակել բուն էպիլեպտիկ բնույթ կրող ցնցումներից:

Մանկական նյարդաբան Լիլիթ Գալստյանի խոսքով՝ ոչ էպիլեպտիկ վարքագծերը տարբերելու համար հատուկ նշանակություն է տրվում վիդեոԷլեկտրաէնցեֆալոգրաֆիային:

Այսպիսի տարբերակումը կարևոր է, քանի որ ոչ էպիլեպտիկ շարժողական խանգարումները հակացնցումային դեղորայքային բուժում չեն պահանջում: Հարկ է նշել, որ անգամ Էլեկտրաէնցեֆալոգրաֆիկ (ԷԷԳ) հետազոտությունը երբեմն բավարար չէ պարոքսիզմալ վարքագիծ դրսևորող նորածինների շրջանում տարբերակիչ ախտորոշման համար:

Վաղ մանկական տարիքի երեխաների շրջանում առանձնացնում են շարժողական  խանգարումների երեք հիմնական ձև՝

  • հիպերկինետիկ,
  • դիստոնիկ կամ էքստրապիրամիդային,
  • ակնաշարժողական:

Հիպերկինետիկ շարժումները կարող են պայմանավորված լինել բազմաթիվ գործոններով՝ ներառյալ նյութափոխանակության խանգարումներով, հիպօքսիկ-իշեմիկ էնցեֆալոպաթիայով, նորածնին նշանակված կամ կրծքի կաթով փոխանցվող դեղերի դուրս բերմամբ, հիպոգլիկեմիայով և հիպոկալցեմիայով: Չնայած հիպերկինետիկ շարժումները երբեմն կարող են սխալմամբ շփոթել նորածնային էպիլեպտիկ նոպաների հետ, սակայն տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ դրանք չեն ուղեկցվում Էլեկտրաէնցոֆալոգրաֆիկ փոփոխություններով և անհրաժեշտություն չկա հատուկ բուժման:

Դիստոնիկ կամ էքստրապիրամիդային տեսակի շարժումներ։

Բարորակ պարոքսիզմալ տորտիկոլիզը դրսևորվում է ծնվելուց հետո առաջին տարվա ընթացքում (որպես կանոն մոտ 3 ամսականում) և բնութագրվում է գլխի մի կողմ թեքման դրվագներով՝ թեթևակի պտույտով: Գրոհները կարող են ուղեկցվել դյուրագրգռությամբ, վիճակի վատթարացումով, փսխումներով կամ գունատությամբ:

Դրվագները տևում են րոպեներից մինչև ժամեր, երբեմն՝ օրեր և դրսևորվում են ամիսը մեկ կամ երկու անգամ: Հիվանդությունն ինքնաբերաբար անցնում է 5 տարեկանում: Էլեկտրաէնցեֆալոգրաֆիկ ախտաբանական շեղումներ չեն դիտվում: Ենթադրվում է, որ այս խանգարումը միգրենի տարբերակ է:

Ակնագնդերի շարժողական խանգարումներ 

Պարոքսիզմալ տոնիկ վերհայացքը բնութագրվում է աչքերի կայուն դեպի վեր շեղման դրվագներով, հաճախ հայացքով ներքև նայելու փորձի ժամանակ ակնագնդերի սահմանափակ շարժումներով: Երեխայի աչքերը կարող են այդ դիրքում պահպանվել մի քանի ժամից մինչև արթուն ժամերի մեծ մասը: Վիդեո-ԷԷԳ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս շարժումները ոչ էպիլեպտիկ բնույթ են կրում: Սկիզբը սովորաբար լինում է 4-ից 10 ամսականում, թեև հազվադեպ գրանցվում են դեպքեր անգամ 1 շաբաթական տարիքում:

Հիվանդության ախտածագումն անհայտ է, ենթադրվում է, որ պայմանավորված է ակնագնդերի ուղղահայց շարժումների համար պատասխանատու կեղև-մեզենցեֆալիկ ուղու անոմալիայով:

Համարվում է բարորակ հիվանդություն, վիճակը բարելավվում կամ լավացում դիտվում է մոտ 2,5 տարեկանում:

Այնուամենայնիվ, տուժած երեխաների մեծամասնությունն, ըստ երևույթին, ունենում է նյարդաբանական և ակնաշարժ խնդիրներ, կա անհրաժեշտություն երկարատև հսկողության:

 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել