Հարգելի քաղաքացիներ, ինչպես գիտեք, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ախտորոշիչ կենտրոնը համալրվել է ժամանակակից օրթոպանտոմոգրաֆով:
Կարճ ժամանահատվածում արդեն հետազոտվել է 100 պացիենտ:
Ամենափոքր պացիենտը երեք տարեկան էր:
Ախտորոշիչ կենտրոնի ռենտգեն ծառայության պատասխանատու, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Նունե Գզոյանը նշում է՝ մեծ է հնարավորությունն աշխատելու մանկական բնակչության հետ, քանի որ օրթոպանտոմոգրաֆիան կատարվում է մանկական հիվանդանոցի ռենտգեն ծառայությունում, որը հիմնականում սպասարկում է երեխաներին:
Նշենք, որ այս սարքը հնարավորություն է տալիս հետազոտել ցանկացած տարիքի այցելուի և ստանալ բարձր որակի ռենտգեն պատկեր:
Հետազոտությունը կարող են նշանակել բոլոր ստոմատոլոգները, որոնք զբաղվում են դիմածնոտային շրջանի հիվանդությունների բուժմամբ, կծվածքի, ատամների դիրքի և զարգացման խանգարումներով:
Օրթոպանտոմոգրաֆիա կարող են նշանակել նաև դիմածնոտային վիրաբույժները:
Թվային օրթոպանտոմոգրաֆիան դիմածնոտային շրջանի, մասնավորապես՝ ստործնոտային հոդի, հայմորյան ծոցերի և վերին ու ստորին ծնոտների համապարփակ ռենտգեն հետազոտություն է:
Այն լայնորեն կիրառվում է ստոմատոլոգիական պրակտիկայում և կարևոր դեր ունի հիվանդության ճշգրիտ ախտորոշման համար:
Հետազոտությունն ուղեկցվում է բժիշկ-ռադիոլոգի գրավոր պատասխանով՝ եզրակացությամբ:
Հարցերի դեպքում զանգահարեք 010 301 000, ներքին` 549:



