|
  • Русский
  • English

Թունաքիմիկատի հետ շփման, պատահաբար ընդունման կամ թունավորման կասկածի դեպքում խորհուրդ է տրվում անհապաղ դիմել բժշկի

Պեստիցիդները (թունաքիմիկատներ) քիմիական նյութեր են, որոնք օգտագործվում են բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի ոչնչացման համար։

Կախված նրանից, թե որ օրգանիզմների դեմ են դրանք ուղղված՝ պեստիցիդները բաժանվում են խմբերի՝ միջատասպաններ (ինսեկտիցիդներ),   տզասպաններ (ակարիցիդներ),  մանրէասպաններ (բակտերիցիդներ),  սնկասպաններ (ֆունգիցիդներ),  մոլախոտեր ոչնչացնողներ (հերբիցիդներ) և այլն։

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանի փոխանցմամբ` հատկապես  վտանգավոր են քլորօրգանական (ալդրին, ԴԴՏ, հեքսաքլորան), ֆոսֆորօրգանական (կարբոֆոս,  դիքլոֆոս, դիազինոն, քլորպիրիֆոս), կարբամինային (գրանոզան) ինսեկտիցիդները, որոնք կուտակվում են ճարպային հյուսվածքներում և առավելապես ազդում են նյարդային համակարգի վրա:

Թունաբանը նշում է, որ այլ թունաքիմիկատները կարող են ազդել արյունաստեղծ համակարգի, էնդոկրին համակարգի, վերարտադրողական ֆունկցիայի վրա, առաջացնել բնածին արատներ, ալերգիաներ: Մի շարք պեստիցիդների արտադրությունը և վաճառքն արգելված է:

Պեստիցիդները կիրառվում են մեծ մասամբ սրսկումների, փոշոտման, ախտահանման եղանակներով և վաճառվում են  փոշիների, դուստերի, թունավոր գրավչանյութերի, լուծույթների, էմուլսիաների,  խտանյութերի, պինդ նյութերի և այլ ձևերով։

Դրանք մարդու օրգանիզմ կարող են ներթափանցել  մաշկային, շնչառական և աղեստամոքսային ուղիներով:

Հաճախ թունավորումը տեղի է ունենում պեստիցիդների սխալ օգտագործման պատճառով:

Բժիշկն ընդգծում է` թունավորումներից խուսափելու համար պեստիցիդների հետ աշխատելիս անհրաժեշտ է ուշադիր կարդալ պիտակում նշված ցուցումները, նախազգուշացումներն օգտագործման կանոնների վերաբերյալ,  կրել պաշտպանիչ հագուստ և դիմակ, արտահագուստ:

Այգիները, տնամերձ հողամասի ծառերը, բույսերը մշակելիս երեխաները նույնպես կարող են վտանգված լինել նույն տարածքում գտնվելու պարագայում:

Պեստիցիդների մնացորդներով աղտոտված սննդամթերքի կամ ջրի օգտագործման միջոցով ևս կարելի է թունավորվել:

Թունավորումների կանխարգելման համար անհրաժեշտ է միրգը, բանջարեղենը ուտելուց առաջ լավ լվանալ, ցանկալի է կեղևազրկել:

Թունաքիմիկատով մշակված պտուղ-բանջարեղենը հաճախ առանց լվանալու  կարող են ուտել երեխաները և թունավորվել,  թունավորման պատճառներից է նաև ըմպելիքների շշերում պահվող թունաքիմիկատի սխալմամբ ընդունումը:

Դժբախտ պատահարներից խուսափելու համար պեստիցիդներն անհրաժեշտ է պահել գործարանային պիտակավորված տարաներում և երեխաների համար անհասանելի տեղերում

Որևէ թունաքիմիկատի հետ շփման, պատահաբար ընդունման կամ թունավորման կասկածի դեպքում խորհուրդ է տրվում անհապաղ դիմել բժշկի, թունազերծումը հնարավորինս արագ կատարելու նպատակով (ստամոքսի լվացում, բժշկական ածուխ, ներերակային հեղուկների ներարկումներ և այլ):

Թունավորման ախտանշանները կարող են արտահայտվել սրտխառնոցի, փսխումների, թուլության, ցնցումների, անսովոր քիմիական հոտի առկայության  և այլ դրսևորումներով:

Անհրաժեշտ է նաև ճշտել օգտագործված թունաքիմիկատի ճշգրիտ անվանումը, քանի որ որոշ թունաքիմիկատների բուժումը (օրինակ՝ ֆոսֆորօգանական միջատասպաններ) պահանջում է նաև սպեցիֆիկ հակաթույների կիրառում:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել