|
  • Русский
  • English

Կույր աղիքի որդանման ելունի բորբոքումը երեխաների մոտ

Որովայնի շրջանում ցավերը երեխաների մոտ կարող են պարբերական բնույթ ունենալ և շատ արագ անցնել: Որոշ դեպքերում ստամոքսի և որովայնի ցավերը որևէ լուրջ խնդրի մասին են վկայում:

Ընդհանուր և նորածնային վիրաբուժական ծառայության բժիշկ, մանկական վիրաբույժ Ռոմիկ Սարգսյանը նշում է, որ որովայնի ցավերը, հատկապես, աջ զստային շրջանում՝ կույր աղիքի բորբոքման նախանշաններից են: Եթե երեխան գանգատվում է ցավերից, դրանք սաստկանում և հաճախակի են դառնում, պետք է անհապաղ երեխային տեղափոխել հիվանդանոց։

Կույր աղու որդանման ելունի բորբոքումը՝ ապենդիցիտը, վաղ մանկական տարիքում ավելի քիչ է հանդիպում, ռիսկի խմբում են՝ 6-ից 12 տարեկան երեխաները, որոնց մոտ առավել հաճախ դիտվում է սուր ապենդիցիտ՝ բուռն ընթացքով և բարդությունների արագ զարգացումով:

Առավել արտահայտված ախտանշանները

  • որովայնի ցավ, ինչը կարող է ուժեղանալ կամ նվազել, սակայն ամբողջությամբ չանցնել,
  • սրտխառնոց, փսխում,
  • ջերմության բարձրացում: 

Վերը նշված գանգատների առկայության դեպքում անհրաժեշտ է 

  • շտապ դիմել մանկական վիրաբույժի,
  • կատարել հետազոտություններ:
  • եթե հաստատվում է սուր ապենդիցիտ, ցուցվում է վիրահատություն՝ շտապ կարգով:

Որդանման ելունը բուռն ընթացող բորբոքման արդյունքում ենթարկվում է դեստրուկցիայի (քայքայման), որի արդյունքում զարգանում են երեխայի առողջությանն ու կյանքին սպառնացող բարդություններ՝ պերիտոնիտ (երբ թարախով լցվում է որովայնի խոռոչը), ապենդիկուլյար աբսցեսներ, ապենդիկուլյար ինֆիլտրատ, աղիների անանցանելիություն, ծանր ինտոքսիկացիա, սեպսիս և այլն։

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում վիրահատությունն իրականացվում է հիմնականում լապարոսկոպիկ եղանակով: 

Առավելություններն են՝ 

  • քիչ տրավմատիկ է,
  • հետվիրահատական վերքի թարախակալում և ճողվածքներ չեն զարգանում,
  • սպիներ գրեթե չեն մնում,
  • ախտորոշիչ նշանակություն ունի՝ հնարավոր է ներսից զննել որովայնի ամբողջ խոռոչը և գնահատել ախտահարման տարածվածությունը, օրգանների վիճակը, իրականացնել որովայնի խոռոչի բոլոր բաժինների սանացիա, հայտնաբերել հարակից այլ պաթոլոգիաներ և այլն։

Եթե երեխան ունի որովայնի ցավեր, ՉԻ ԿԱՐԵԼԻ 

  • ցավազրկողներ կամ հակաբորբոքայիններ տալ,
  • կիրառել ժողովրդական մեթոդներ՝ զբաղվել ինքնաբուժմամբ, քանի որ այդ ամենը մեծացնում է բարդությունների հավանականությունը, թույլ չի տալիս ժամանակին ախտորոշել, առաջացնում է հավելյալ բարդություններ:

Հիշե՛ք՝ հիվանդության վաղ հայտնաբերումն արդյունավետ բուժման հիմնական գրավականն է:

 

 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել