«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի բժիշկ, էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս, Լուսինե Առաքելյանի մասնագիտական փորձը ցույց է տալիս՝ տարեցտարի ավելանում է ավելցուկային քաշ կամ ճարպակալում ունեցող պացիենտների, այդ թվում՝ երեխաների թիվը։
Եվ հիմնական պատճառը ընդունած և ծախսած կալորիաների անհամապատասխանությունն է, այսինքն՝ մարդն ընդունում է շատ կալորիաներ, բայց ավելի քիչ ծախսում։ Երեխաներն այժմ ավելի շատ են զբաղվում գաջեթներով ու առանձնապես չեն սիրում բակային խաղեր, չափից շատ են քաղցրավենիք ուտում։
Մասնագետը ծնողներին խորհուրդ է տալիս դպրոցական երեխային ոչ թե գումար տալ, որ նա այնտեղ ինչ-որ բան գնի եւ ուտի, այլ տանն առողջ սնունդ պատրաստել ու ամեն առավոտ դնել նրա պայուսակի մեջ, որպեսզի ժամը 11-ին կամ 12-ին երկրորդ նախաճաշի ժամանակ առողջ սնունդ ուտի։
«Ավելցուկային քաշից եւ ճարպակալումից խուսափելու համար հարկավոր է փոխել կենսակերպը։ Հարկավոր է օրական գոնե 2-3 անգամ 20-60 րոպե քայլել, որեւէ մարզաձեւով զբաղվելը կամ մարզասրահում պարբերաբար պարապելը, իհարկե, ավելի նախընտրելի է։ Երեխան ամեն օր պետք է բակային ակտիվ խաղերով խաղա, մաքուր օդ շնչի»,- նշում է Լուսինե Առաքելյանը։
Յուրաքանչյուր սննդաբաժնի դեպքում հարկավոր է հիշել «առողջ ափսեի» մասին եւ սննդի տեսակներն ու չափն ընտրել այդ սկզբունքով։ Ափսեի կեսը պետք է լցնել մրգով ու բանջարեղենով, 25 տոկոսը՝ ածխաջրեր պարունակող սննդատեսակներով (հացաբուլկեղեն, հատիկավորներ), մնացյալ 25 տոկոսը՝ սպիտակուցներով (մսամթերք, կաթնամթերք)։
Քաղցղավենիք կարելի է ուտել ամեն օր, բայց չափավոր։ Այսինքն՝ մի կոնֆետի կամ մի փոքր կտոր թխվածքաբլիթի փոխարեն չի կարելի մի քանիսն ուտել։
«Եթե երեխային լրիվ արգելենք քաղցրավենիք ուտել, կգործի «արգելված պտուղը քաղցր է» սկզբունքը, եւ նա գաղտնի կգնի քաղցրավենիք։
Ցանկալի է քաղցրավենիքն ուտել օրվա առաջին կեսին, երբ ավելի շատ ենք էներգիա ծախսում, իսկ երեկոյան ժամերին հարկավոր է հնարավորինս քիչ ածխաջրեր օգտագործել՝ փոխարենն ընտրելով սպիտակուցներ։ Գազավորված ըմպելիքների կամ տանը պատրաստած շաքար պարունակող կոմպոտների օգտագործումը պետք է հնարավորինս բացառել։ Փոխարենը պետք է խմել ջուր»,- հորդորում է մասնագետը։
Չի կարելի սնունդ ընդունել եւ կարճ ժամանակ անց գնալ քնելու։
Պետք է քնելուց երեք ժամ առաջ սնվել։
Բժիշկը հիշեցնում է՝ երեխայի քաշի հաշվարկման համար բուժաշխատողներն օգտագործում են բանաձեւեր եւ գործակիցներ։
Ծնողը կարող է դա հասկանալ ոչ միայն երեխայի արտաքին տեսքին նայելով, այլեւ նրա համար հագուստ կամ կոշիկ ընտրելիս, երբ պարզվում է, որ, օրինակ, 5 տարեկանի համար նախատեսված հագուստը փոքր է, և մայրը նրա համար 7-8 տարեկանների համար նախատեսված հագուստ է գնում։
Նման դեպքերում անպայման պետք է դիմել բժշկի, որպեսզի մասնագետները պարզեն, թե որն է երեխայի քաշի կամ հասակի ավելացման պատճառը։

