Ֆոսֆորօրգանական միացություններով թունավորումները զարգանում են վերջիններիս միտումնավոր ընդունման կամ ոչ միտումնավոր ազդեցության հետևանքով։ Այս միացությունները մտնում են տարբեր պարարտանյութերի, ինսեկտիցիդների, կենցաղային նյութերի կազմի մեջ, ինչպես նաև օգտագործվում են որպես քիմիական զենք։
Այս շաբաթ հերթական գիտագործնական կոնֆերանսն անցկացվեց մայիսի 8-ի, զեկուցողը` Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի բժիշկ, անեսթեզ-ռեանիմատոլոգ Մանյա Սարգսյանն էր:
Նրա փոխանցմամբ` ֆոսֆորօրգանական միացությունները (ՖՕՄ) օրգանիզմ կարող են ներթափանցել բերանացի, ինհալյացիոն կամ մաշկային ուղիներով։
Թափանցելով օրգանիզմ դրանք առաջացնում են ացետիլ և բութիրիլ խոլինէսթերազա ֆերմենտների ակտիվության ընկճում։
Արդյունքում սինապտիկ ճեղքում դիտվում է ացետիլխոլինի կուտակում և նյարդային վերջավորության գերխթանում։
Բժիշկ Սարգսյանը մանրամասնել, թե կլինիկական դրսևորումները ինչով են պայմանավորված`
- Մուսկարինային ընկալիչների գերդրդմամբ, ինչի արդյունքում առաջանում է միոզ, գերքրտնարտադրություն, թքահոսություն, արցունքահոսություն, բրոնխոռեա, բրոնխոսպազմ, փսխումներ, լուծ, հազվասրտություն, առիթմիաներ
- Նիկոտինային ընկալիչների գերդրդմամբ, ինչի արդյունքում առաջանում է միդրիազ, հաճախասրտություն, զարկերակային հիպերտենզիա, մկանային ֆասցիկուլյացիաներ, թուլություն, այդ թվում՝ շնչական մկանների։
- ԿՆՀ ընկալիչների դրդում, որը, թույնի դեղաչափից կախված, կարող է դրսևորվել ինչպես գերգրգռվածությամբ, այնպես էլ ընկճումով։ Թունավորումը ախտորոշվում է կլինիկորեն։ Լաբորատոր ախտորոշումը կատարվում է պլազմայի պսևդոխոլինէսթերազի և էրիթրոցիտների մակերեսին առկա խոլինէսթերազի մակարդակների որոշման եղանակով։
Բուժում
Տարբերակում ենք բուժման ոչ սպեցիֆիկ (դեկոնտամինացիա, սիրտ-թոքային վերակենդանացում, ցնցումների կառավարում) և սպեցիֆիկ եղանակներ։ Սպեցիֆիկ բուժումն ընդգրկում է հակաթունային բուժում ատրոպինով և օքսիմներով (պրալիդօքսիմ, կարբօքսիմ)։
Բուժման բացակայության կամ ուշացման դեպքում հնարավոր են վաղ և ուշ բարդություններ։ Վաղ բարդություններից են ցնցումները, թոքաբորբները՝ ինչպես ասպիրացիոն, այնպես էլ բրոնխոռեայի հետևանքով առաջացած, շնչառության ծանր խանգարումները, կանգը, որոնք էլ հաճախ դառնում են մահվան պատճառ։
Ուշ բարդությունները հիմնականում կախված են ԿՆՀ ախտահարման հետ։ Դրսևորվում են նյարդամկանային հաղորդականության խանգարմամբ, ընդ որում՝ առավելապես մոտոր տիպի։





