«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ախտորոշիչ կենտրոնի նյարդաբան, ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի ավագ դասախոս Լիլիթ Գալստյանը նշում է, որ մանկական տարիքի գլխացավերի շրջանակը լայն է, իսկ հիմքում ընկած են էթիոլոգիան տարբեր գործոններ:
Երեխաների գլխացավի ախտանշաններն ու ֆենոտիպերը՝ մեծահասակների համեմատ, կարող են փոքր-ինչ տարբերվել: Կարևոր է առաջնահերթ տարանջատել առաջնային և երկրորդային գլխացավերը՝ նյարդաբանական հետազոտության միջոցով:
Առաջնային գլխացավերից ամենատարածվածը լարվածության տիպի գլխացավերն ու միգրենն են: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լարվածության տիպի գլխացավերն ավելի մեծ տարածվածություն ունեն, չնայած միգրենոզ գրոհները ավելի հաճախակի հիվանդանոց այցելությունների պատճառ են:
Գրեթե յուրաքանչյուր 10 երեխայից մեկը կրկնվող գլխացավեր է ունենում միգրենի պատճառով, ինչը զգալիորեն վատթարացնում է դպրոցում երեխայի առաջադիմությունը, խանգարում առօրյա ֆիզիկական ակտիվությանը և բացասաբար ազդում կյանքի որակի վրա:
Մինչև ցավի սկիզբը, փոքր երեխաների 1/3-ը և դեռահասների 2/3-ը ունենում են նախազգուշական ախտանշաններ, ինչպիսիք են դեմքի գունատությունը, հոգնածությունը, դյուրագրգռություն, տրամադրության փոփոխությունները, մտածելու դժվարությունը, գլխապտույտը, հոգնածությունը և հորանջելը:
Եթե երեխան նշում է միակողմանի թուլության, թմրածություն մասին, վերջինս կարող է հազվադեպ հանդիպող ընտանեկան հեմիպլեգիկ միգրենի պատճառ լինել:
Լույսի և ձայնի նկատմամբ զգայունությունը, սրտխառնոցն ու փսխումը համարվում են միգրենի ախտորոշիչ չափանիշները:
Երբեմն երեխաները չեն կարող կամավոր ներկայացնել գլխացավով ուղեկցվող այլ ախտանիշներ, ուստի նրանց պետք է հստակ հարցնել, թե արդյոք նա տեսնում է լրացուցիչ բծեր, լույսեր կամ գծեր:
Ճշգրիտ ախտորոշումը, կառավարումը և դեղերի համապատասխան ընտրությունը օգտակար են արդյունավետ բուժման համար, սակայն սուր և կանխարգելիչ բուժման մոտեցումները, որոնք ներկայումս առկա են, օգնում են միգրենով հիվանդ երեխաների առնվազն երկու երրորդին, և մանկական պրակտիկայում թերապիայի մի քանի նորագույն փորձարկումները ապագայի հույս են տալիս:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Ախտորոշիչ կենտրոն 010301000 հեռախոսահամարով, ներքին կոդ՝ 505, 506:

