|
  • Русский
  • English

Տզի խայթոցի դեպքում վաղ արձագանքը պաշտպանում է առողջությունը

Հերթական գիտագործնական քննարկմանը զեկուցել են Ինֆեկցիոն հիվանդությունների կլինիայի ղեկավար, ԵՊԲՀ Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանը և առաջին կուրսի կլինիկական օրդինատոր Ինեսսա Հարությունյանը:

«Տզի խայթոցով փոխանցվող հիվանդություններ» թեմայի շրջանակում մասնագետները արձանագրեցին, որ վերջին տարիներին տզերի խայթոցները դարձել են ավելի տարածված և վտանգավոր։

Տզերը կարող են փոխանցել լուրջ վարակներ, այդ թվում՝ տզային էնցեֆալիտ և Լայմի հիվանդություն։

Այս հիվանդությունները կարող են ազդել մարդու գլխուղեղի, նյարդային համակարգի, սիրտ-անոթային համակարգի և հոդերի վրա։

Ինչու է այս թեման այսօր կարևոր․

  •  Տզերը ակտիվ են դարձել ավելի երկար ժամանակով՝ ապրիլից մինչև նոյեմբեր` կլիմայական փոփոխությունների պատճառով,
  • Շատ մարդիկ չեն գիտակցում խայթոցի վտանգը•

Այսօր բժշկագիտությունը և հանրային առողջապահական համակարգերը կարևորում են՝

  • Պաշտպանություն բնության մեջ գտնվելիս՝ երկարափեշ հագուստ, տզերից պաշտպանող միջոցներ,
  • Տզերի արագ հայտնաբերում և հեռացում՝ խայթոցից հետո
  • Պատվաստում տզային էնցեֆալիտի դեմ՝ հատկապես ռիսկային վայրերում ապրողների կամ ճանապարհորդողների համար,
  • Բնակչության իրազեկում՝ վարակների վաղ նշանները ճանաչելու և բուժում ստանալու համար:

Տզերից փոխանցած վարակները հնարավոր է կանխել ճիշտ տեղեկատվությամբ և պաշտպանական միջոցներով։ Ցանկացած կասկածելի ախտանիշի դեպքում դիմել բժշկի:

Տզի խայթոցից հետո ի՞նչ նշանների հետևել

Տզի խայթոցից հետո որոշ հիվանդություններ կարող են ի հայտ գալ օրեր կամ շաբաթներ անց։

Կարևոր է ուշադիր լինել հետևյալ նշաններին․

  • Ջերմություն և թուլություն
  • Գլխացավ, մկանացավեր
  • Սրտխառնոց կամ փսխում
  • Կարմիր բիծ խայթոցի տեղում, որը մեծանում է օղակի պես (Լայմի հիվանդության նշան)
  • Քնկոտություն, շփոթվածություն

Այս նշանները կարող են ի հայտ գալ տզի խայթոցից 3 օրից մինչև 1 ամսվա ընթացքում։

Դիմեք բժշկի, եթե՝

  • Ունեք վերոնշյալ ախտանիշներից որևէ մեկը
  • Տիզը երկար ժամանակ է կպած եղել մաշկին
  • Գտնվել եք Էպիդեմիոլոգիական վտանգավոր օջախներում
  • Պատվաստված չեք տզային էնցեֆալիտի դեմ:

Վաղ արձագանքը պաշտպանում է առողջությունը։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել