Ձմեռային սեզոնի մեկնարկով երեխաների մոտ նկատվում է սուր վիրուսային հիվանդությունների աճ։ Վիրուսները հեշտ են տարածվում փակ տարածքներում՝ մանկապարտեզում, դպրոցում, խմբակներում, ուստի կարևոր է ճանաչել հիմնական նշանները, ճիշտ խնամել երեխային և հասկանալ՝ երբ է պետք դիմել բժշկին։
Ամենահաճախ հանդիպող վիրուսներն առանձնացրել է Ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար Լիանա Նազարյանը․
- ՍՇՎ (սուր շնչառական վարակներ) — քթահոսություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն
- Գրիպ — բարձր ջերմություն, դող, մկանային ցավեր, հանկարծակի սկիզբ
- ՌՍ վիրուս, պարագրիպ — կարող են առաջացնել շնչառության սուլոց, «հաչող» հազ
- Ադենովիրուս — ջերմություն, աչքերի կարմրություն, մեծացած ավշահանգույցներ
Ինչպես են ի հայտ գալիս վիրուսային վարակները
Շատ վիրուսային հիվանդություններ սկսվում են նմանատիպ նշաններով․
- բարձր ջերմություն
- քթախցանում, քթահոսություն
- հազ
- ախորժակի նվազում
- կնկոտություն, գրգռվածություն
Մանկաբույժն ընդգծում է, որ ջերմությունը օրգանիզմի բնական պաշտպանական արձագանքն է։
Ինչ կարող են անել ծնողները տանը
- հեղուկների առատ օգտագործում՝ ջուր, կոմպոտ, թեյ
- սենյակի հաճախակի օդափոխություն և խոնավացում
- աղային լուծույթներով քթի լվացում
- ջերմիջեցնողներ (պարացետամոլ, իբուպրոֆեն) — միայն անհարմարության կամ բարձր ջերմության դեպքում
- հանգիստ ռեժիմ, ծանր սնունդ հարկադրաբար չտալ
Հակաբիոտիկները օգուտ չեն տալիս վիրուսների դեմ և նշանակվում են միայն բակտերիալ բարդությունների դեպքում։
Երբ է անհրաժեշտ դիմել բժշկին
- ջերմություն՝ 39°С-ից բարձր, որը դժվար է իջնում
- արտահայտված շնչահեղձություն, աղմկոտ շնչառություն, «հաչող» հազ
- արտահայտված թուլություն, հեղուկներից հրաժարում
- ցան, ուժեղացող ցավ ականջում կամ կրծքավանդակին
- եթե երեխան փոքր է 3 ամսականից և ունի որևէ ախտանշան
Կարելի՞ է կանխել վիրուսային հիվանդությունները
Լիովին խուսափել վիրուսներից դժվար է, սակայն հնարավոր է նվազեցնել ռիսկը․
- ձեռքերի հաճախակի լվացում
- խիստ մարդաշատ, փակ տարածքներից խուսափում
- լիարժեք քուն
- սեզոնային գրիպի պատվաստանյութ


