Հազը երեխաների մոտ շատ հաճախ հանդիպող ախտանիշ է և հիմնականում կապված է շնչառական վարակների հետ (մրսածություն, վիրուսային ինֆեկցիա)։ Շատ դեպքերում այն ինքնուրույն անցնում է, սակայն կան իրավիճակներ, երբ բժշկի դիմելը պարտադիր է։ Թեմային անդրադարձել է Ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար Լիանա Նազարյան-ը։
Անհապաղ դիմեք բժշկի, եթե՝
- Երեխան մինչև 3 ամսական է և ունի հազ
- Հազը ուղեկցվում է շնչառության դժվարությամբ, շնչահեղձությամբ կամ շնչելիս սուլոցով
- Կա բարձր ջերմություն (≥38.5°C), որը չի իջնում կամ պահպանվում է 2–3 օրից ավելի
- Երեխան կապտում է, շրթունքները կամ դեմքը կապտավուն են
- Կա շատ ուժեղ, նոպայաձև հազ, հատկապես գիշերը
- Հազի ժամանակ կամ հետո լինում է փսխում
- Երեխան շատ թուլացած է, քնկոտ, հրաժարվում է ուտելուց կամ խմելուց
- Հազը սկսվել է օտար մարմին կուլ տալուց հետո (խաղալիք, սնունդ և այլն)
Պլանային կարգով դիմեք բժշկի, եթե՝
- Հազը տևում է ավելի քան 7–10 օր
- Այն չոր է, տանջող կամ աստիճանաբար ուժեղանում է
- Ուղեկցվում է քաշի կորստով, երկարատև հոգնածությամբ
- Երեխան ունի ալերգիա, ասթմա կամ այլ քրոնիկ հիվանդություն
Ինչ կարելի է անել տանը (եթե վիճակը թեթև է)
- Տրամադրել բավարար հեղուկներ
- Պահել սենյակը խոնավ ու մաքուր օդով
- Խուսափել ծխից և սուր հոտերից
- Առանց բժշկի նշանակման չտալ հազը ճնշող դեղեր, հատկապես փոքր երեխաներին

