Մեր սիրելի Դեյվիդը՝ 10-ամյա փոքրիկ պացիենտը, համալսարանական հիվանդանոց էր դիմել Ռուսաստանի Դաշնությունից՝ ստորին ծնոտի գոյացության հեռացման նպատակով։
Հետազոտությունների ընթացքում պարզվեց, որ գոյացությունն արդեն բավականին մեծ չափերի էր հասել, և դեպքը, ցավոք, բավականին ուշացած էր։
Դիմածնոտային վիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանական և ստոմատոլոգիական ծառայության ղեկավար Նարեկ Մկրտչյանի փոխանցմամբ՝ դեպքի շուրջ իրականացվեցին բազմաթիվ քննարկումներ, իսկ հյուսվածաբանական հետազոտության արդյունքներից հետո առաջացավ ստորին ծնոտի մասնահատման անհրաժեշտություն։
Երեխայի նման տարիքում և նման մեծածավալ դեֆեկտի դեպքում մեր առջև կանգնած էր ոչ միայն գոյացությունն ամբողջությամբ հեռացնելու, այլև ստորին ծնոտի անատոմիական և ֆունկցիոնալ ամբողջականությունը վերականգնելու բարդ խնդիրը։
Որոշվեց դեֆեկտը վերականգնել սեփական հյուսվածքներով։ Դոնոր հատվածը վերցվեց երեխայի ստորին վերջույթից՝ մոտ 9 սմ երկարությամբ ոսկրային հատված, որը տեղափոխվեց և տեղադրվեց ստորին ծնոտի առաջացած դեֆեկտի գոտում։
Սկսվեց երկարատև և փուլային բուժման գործընթաց՝ շուրջ երեք ամիս տևողությամբ։ Այս ընթացքում Դեյվիդը տարբեր փուլերում ենթարկվեց երեք ծավալուն վիրահատական միջամտությունների՝ ստորին ծնոտի վերականգնման նպատակով։
Բայց այս պատմությունը մեկ մարդու աշխատանքի արդյունքը չէ։
Այսպիսի բարդ դեպքերի հաջող ելքը հնարավոր է միայն մեծ ու համախմբված թիմային աշխատանքի շնորհիվ։ Դեյվիդի բուժման ամբողջ ընթացքը մեր մեծ թիմի համատեղ աշխատանքի արդյունքն է՝ «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության և
ԼՕՌ կլինիկայի ղեկավար Աննա Պողոսյանի, «Մուրացան» մանկական հիվանդանոցի ամբողջ բուժանձնակազմի, ինչպես նաև, ամենակարևորը, Դեյվիդի ծնողների վստահության, համբերության և նվիրվածության շնորհիվ։
Երեք ամիս, բազմաթիվ քննարկումներ, երեք մեծ վիրահատական փուլ և մի ամբողջ թիմ՝ մեկ փոքրիկի առողջության ու ապագայի համար։
Այսօր Դեյվիդը բուժման ամենադժվար փուլերն արդեն հաղթահարել է։
Շնորհակալ ենք պացիենտին և նրա ընտանիքին մեզ վստահելու համար։
Շարունակում ենք հետևել նրա վերականգնման ընթացքին և հավատում ենք, որ ամենակարևորն առջևում է։

