«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի զարգացման առաջնահերթ ուղղություններից են ժամանակակից սարքավորումներով հագեցումը, մանկաբուժական ծառայությունների կատարելագործումը և ապագա մասնագետների պատրաստումը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում գլխավոր բժիշկ Թագուհի Ստեփանյանն անդրադարձել է նաև հիվանդանոցի առանձնահատկություններին, մանկական առողջապահության մարտահրավերներին և առաջիկա ծրագրերին։
-«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը երկար տարիներ համարվում է Հայաստանի կարևորագույն մանկական բուժհաստատություններից մեկը։ Ի՞նչն է այսօր այն առանձնացնում մյուս բժշկական կենտրոններից։
-Համալսարանական հիվանդանոցն իր գործունեության սկզբից եղել է մանկական բուժհաստատություն։ Խորհրդային տարիներից այն գործել է որպես մանկական հիվանդանոց և, բացառությամբ կարճ ժամանակահատվածի, երբ ունեցել է նաև մեծահասակների բաժանմունք, մշտապես պահպանել է իր մանկական ուղղվածությունը։Այսօր ևս մեր գլխավոր առանձնահատկությունն այն է, որ բազմապրոֆիլ մանկական հիվանդանոց ենք։ Հայաստանում գործող մանկական մասնագիտացված բուժկենտրոնների շարքում «Մուրացանը» շարունակում է կարևոր դեր ունենալ՝ տրամադրելով երեխաներին բնորոշ հիվանդությունների ամբողջական ախտորոշում և բուժում։
-Դուք վերջերս եք ստանձնել գլխավոր բժշկի պաշտոնը։ Որո՞նք են այն առաջնահերթ փոփոխությունները, որոնք նախատեսում եք իրականացնել առաջիկա տարիներին։
-Մեզ համար առաջնային են այն բարեփոխումները, որոնք կնպաստեն հիվանդանոցի հետագա զարգացմանը։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է տեխնիկական վերազինմանը։ Ժամանակակից սարքավորումներով համալրվելը հնարավորություն կտա տեղում իրականացնել ավելի մեծ թվով հետազոտություններ և բուժական միջամտություններ։Մեր հիվանդանոցում աշխատում են բարձրակարգ և իրենց գործին նվիրված մասնագետներ։ Համոզված եմ, որ փորձառու բժշկական անձնակազմի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրումը զգալիորեն կբարձրացնի բուժօգնության արդյունավետությունը։
Զարգացումները վերաբերում են բոլոր ուղղություններին՝ վիրաբուժությանը, վերակենդանացման ծառայությանը, ախտորոշմանը և մյուս բաժանմունքներին։ Բժշկությունն այսօր շատ արագ է զարգանում, և նոր տեխնոլոգիաների ներդրումն այլևս անհրաժեշտություն է։Որպես բազմապրոֆիլ մանկական հիվանդանոց՝ մենք ունենք ընդհանուր, դիմածնոտային, կրծքային և այլ վիրաբուժական ծառայություններ, ուստի յուրաքանչյուր ոլորտում անհրաժեշտ է ապահովել ժամանակակից տեխնիկական հագեցվածություն, որը կօգնի մեր մասնագետներին առավել արդյունավետ իրականացնել իրենց աշխատանքը։
Գլխավոր բժշկի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը` հղմամբ:












