|
  • Русский
  • English

Գլյուկոզայի շարունակական մոնիթորինգ (CGM)․ ժամանակակից մոտեցում շաքարային դիաբետի կառավարմանը

Շաքարային դիաբետը քրոնիկական մետաբոլիկ հիվանդություն է, որը զարգանում է, երբ ենթաստամոքսային գեղձը չի արտադրում բավարար ինսուլին կամ օրգանիզմը չի կարող արդյունավետ օգտագործել այն։

Համաձայն դիաբետի համաշխարհային ֆեդերացիայի (IDF) տվյալների այսօր աշխարհում շաքարային դիաբետ ունեցող անձանց թիվը կազմում է շուրջ 590 միլիոն և այս թիվը պրոգրեսիվորեն աճում է: Ինչպես յուրաքանչյուր քրոնիկական հիվանդության դեպքում, այնպես էլ դիաբետի պարագայում դեղորայքային բուժումը բավարար չէ․ անհրաժեշտ է շարունակական հսկողություն։

Տարիներ շարունակ գլիկեմիկ վերահսկման հիմնական մեթոդը եղել է մատի ծայրից արյան նմուշառումը գլյուկոմետրի օգնությամբ: Սակայն այս մեթոդը տալիս է միայն կետային պատկերացում՝ տվյալ պահին արյան գլյուկոզայի մակարդակի մասին։ Գիտության զարգացմամբ ներդրվեցին գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգերը (Continuous Glucose Monitoring, CGM), որոնք էապես փոխեցին դիաբետի կառավարումը։

CGM-ը փոքր, մաշկին կրելի սարք է, որը հատուկ բարակ թելիկ-սենսորի օգնությամբ չափում է գլյուկոզան միջբջջային հեղուկում և տվյալները փոխանցում է սմարթֆոնին կամ հատուկ կարդացող սարքին:

Աշխատում է 24/7 ռեժիմով և կախված արտադրողից կարելի է օգտագործել 7-ից մինչև 15 օր:

CGM-ը ցույց է տալիս ոչ միայն տվյալ պահին գլիկեմիան, այլ նաև.

  • բարձրացման միտումը
  • նվազման միտումը
  • փոփոխության արագությունը
  • թիրախային միջակայքում գտնվելու ժամանակը :

Այս սարքի առավելություններից է նաև ազդանշանային համակարգը: Սարքը ավտոմատ ազդանշան է տալիս, երբ գլյուկոզան իջնում կամ բարձրանում է սահմանված մակարդակից: Սա հատկապես կարևոր է փոքր երեխաների, հղիների և հիպոգլիկեմիան չզգացող պացիենտների համար։

Ո՞ր դեպքերում պետք է օգտագործել CGM սարքեր

  • Տիպ 1 շաքարային դիաբետ
  • Ինսուլին կախյալ տիպ 2 շաքարային դիաբետ
  • Գեստացիոն դիաբետ

Հղիության ընթացքում խիստ գլիկեմիկ հսկողությունը կենսական նշանակություն ունի պտղի և մոր անվտանգության համար։

  • Հաճախակի հիպոգլիկեմիաների հակվածություն

Խորհուրդ է տրվում , հնարավորության դեպքում այն օգտագործել նաև ինսուլին անկախ տիպ 2 շաքարային դիաբետի , նախադիաբետի և մետաբոլիկ առողջության մոնիթորինգի դեպքում:

Հետազոտությունները փաստում են , որ CGM-ը համարվում է ծախսարդյունավետ մեթոդ, հատկապես ինսուլին ստացող անձանց համար: CGM-ը չի փոխարինում բժշկին, այլ հանդիսանում է գործիք՝ դիաբետի անհատականացված և առավել անվտանգ կառավարման համար։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել