Ամեն շաբաթ անցկացվող գիտագործնական հերթական կոնֆերանսի զեկուցողներն էին ԵՊԲՀ ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի դասախոս, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի պոլիկլինիկայի սրտաբան Արուսյակ Հարությունյանը և նույն հիվանդանոցի Ախտորոշիչ կենտրոնի սրտաբան Արթուր Թորոսյանը:
Քննարկվող նյութը նվիրված էր էլեկտրասրտագրության` ԷՍԳ-ի հիմունքներին: Ի՞նչ է ցույց տալիս այս հետազոտությունը, ո՞րն է դրա դերն ու նշանակությունը բժշկի պրակտիկայում, հատկապես՝ ոչ սրտաբանների համար:
Ե՞րբ պետք է կատարել էլեկտրասրտագրություն, ո՞ր դեպքերում պետք է դիմել նեղ մասնագիտական խորհրդատվության. կարևոր այս հարցերի շուրջ սրտաբան ամուսինների զեկույցում անդրադարձ կատարվեց նաև ԷՍԳ կատարելու նրբություններին և առանձնահատկություններին:
Մանկական ԷՍԳ-ի առանձնահատկություններին տիրապետելը ևս կարևոր է: Ինչու՞ է կատարվում էլեկտրասրտագրությունը, ինչու՞ է այն անպայման կատարվում ընդհանուր անզգայացումից առաջ, ե՞րբ է պետք հետաձգել, բոլոր այս հարցերին ևս մասնագիտական քննարկմանն անդրադարձ կատարվեց:
Ընդգծվեց բուժքույրերի դերը ԷՍԳ-ն գրանցելիս, այստեղ կարևոր է ինչպես գիտելիքն, այնպես էլ փորձառությունը:
Մեծապես կարևորվեց բուժքույրերի կողմից էլեկտրոդային անատոմիական տեղադրման ճիշտ դիրքերը` որակյալ, անսխալ հետազոտության իրականացման համար:
Բուժքույրերի հետ այս ուղղությամբ հիվանդանոցում շարունակական աշխատանք է տարվում, հավելյալ դասընթացներ են կազմակերպվում։
Ավելացնենք, որ նաև քննարկվել է այն հարցը, թե երբ է պետք պացիենտին ցուցել կատարել էլեկտրասրտագրության և երբ՝ էխոկարդիոգրաֆիա, տարբեր պաթոլոգիաների դեպքում այս հետազոտությունները կարող են միմյանց լրացնել:











