«Լյարդի բարդացած էխինոկոկոզը սուր ապենդիցիտի տարբերակիչ ախտորոշման մեջ». ամեն շաբաթ անցկացվող գիտագործնական կոնֆերանսի հերթական թեման էր, որը զեկուցեց Մանկական վիրաբուժության կլինիկայի բժիշկ, մանկական վիրաբույժ Արսեն Շահնազարյանը:
Թեման կլինիկական պրակտիկայից էր: 7 տարեկան աղջիկ երեխան կլինիկա էր դիմել հիվանդության առաջին օրը` գանգատվելով որովայնի շրջանի ցավից և ջերմության բարձրացումից։
Կատարված զննմամբ երեխայի մոտ նախնական ախտորոշվել է սուր ապենդիցիտ։ Լաբորատոր քննությամբ առկա էին բորբոքային շեղումներ։
Սոնոգրաֆիկ առկա էր կիստոզ գոյացություն լյարդի պրոյեկցիայում։
Հաշվի առնելով սուր ապենդիցիտի կասկածը և կիստոզ գոյացությունը լյարդում երեխային կատարվել է համակարգչային շերտագրման հետազոտություն։ Հայտնաբերվել է բշտեր լյարդի 4-րդ և 6-րդ սեգմենտներում 43*48 մմ և 53*57 մմ չափերի, բորբոքմանը բնորոշ հիպերդենս զոնաներով, հարակից ճարպաբջջանքի այտուց-ինֆիլտրացիայով՝ քիչ հեղուկի առկայությամբ։
Բժշկի փոխանցմամբ` սուր ապենդիցիտին բնորոշ բորբոքային փոփոխություններ չեն հայտնաբերվել։
Ախտորոշվել է լյարդի էխինոկոկոզ, ինչը հաստատվել է իմունոֆերմենտային հետազոտությամբ։ Հաշվի առնելով բշտերի բորբոքային բնույթը և պատռման վտանգը որոշվել է կատարել վիրահատական միջամտություն։ Կատարվել է վերին միջային լապարոտոմիա, բշտերը մշակվել սկոլիցիդ նյութով և հեռացվել ամբողջությամբ։
Հետվիրահատական ընթացքը եղել է հարթ։ Երեխան շարունակել է ստանալ դեղորայքային բուժում։ Դուրս է գրվել 13-րդ օրը ՝ բավարար վիճակում։
Քննարկվող թեման արդի էր և մեծ հետաքրքրություն առաջացրեց լսարանում:
Համալսարանականները բազմաթիվ մասնագիտական հարցեր հղեցին զեկուցողին:



