|
  • Русский
  • English

Նեոնատալ ցնցումներ. ախտածագումը և կլինիկական տարբեր դրսևորումները

Նորածնային շրջանը համարվում է նորածնի կյանքի առաջին 28 օրը,այսինքն՝ ծննդաբերությունից հետո առաջին 4 շաբաթը:Նորածինների շրջանում հաճախ հանդիպող նյարդաբանական ախտաբանական վիճակներից են նեոնատալ ցնցումները:Նորածնային նոպաներն ունեն յուրահատուկ ախտածագում և կլինիկական տարբեր դրսևորումներ, համեմատած ավելի մեծ տարիքային խմբերի երեխաների հետ՝ դրանց երբեմն դժվար է ախտորոշել:Նոպաները, որոնք տեղի են ունենում ծնվելուց հետո 12-24 ժամվա ընթացքում, առավել վկայում են հիպոքսիկ-իշեմիկ էնցեֆալոպաթիայի, մինչդեռ նոպաները, որոնք տեղի են ունենում այս ժամկետից հետո՝ վկայում են վարակի, արյունազեղման կամ իշեմիկ ինսուլտի մասին:«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ախտորոշիչ կենտրոնի նյարդաբան, ԵՊԲՀ նյարդաբանության և Աղետների բժշկության և քաղաքացիական պաշտպանության ամբիոնների ավագ դասախոս Լիլիթ Գալստյանը նշում է ՝ նյարդաբանական ստատուսի ճշգրիտ գնահատումը, ինչպես նաև հիմք ընդունելով նաև ծնողների գանգատները, ուղղված են ցնցման էթիոլոգիայի բացահայտմանը, նորածնային նոպաներով երեխաների վարման ճշգրիտ կառավարմանը, բուժման ռազմավարությանը՝ կանխարգելելով հետագա բարդությունների առաջացումը:

Ցնցումների էթիոլոգիան նորածնային շրջանում պայմանավորված է մի շարք գործոններով՝ նյութափոխանակության խանգարումներ, տարած ասֆիքսիա, ներգանգային արյունազեղումներ, վարակներ, գլխուղեղի բնածին անոմալիաներ, ինչպես նաև մի շարք այլ պատճառներ:

Ցնցումների ախտածագումը սահմանվում է որպես գլխուղեղի կեղևի նեյրոնների աննորմալ, սինխրոն պարպումներ:

Նորածնային նոպաները դասակարգվում են.

  • ֆոկալ կլոնիկ ցնցումներ, որոնք դրսևորվելով դեմքի, վերին կամ ստորին վերջույթների, պարանոցի կրկնվող ռիթմիկ կծկումներով, չեն դադարում վերջույթների ֆիզիկական ճնշման կամ վերադիրքավորման պարագայում,
  • ֆոկալ տոնիկ ցնցումներ, որոնք գերակշռող դրսևորվում են վերին վերջույթների ծալումով և ստորին վերջույթների տարածումով, պարանոցի շարունակական, անցողիկ, ասիմետրիկ դիրքով,
  • միոկլոնիկ ցնցումներ:

Մասնագետի խոսքով՝ նորածինների շրջանում ցնցման կասկածի դեպքում անհրաժեշտ է անհապաղ բացառել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նվազումը, էլեկտրոլիտային դիսբալանսը՝ հիպոկալցեմիան, հիպոմագնեզեմիան, հիպոնատրիեմիան:

Բացի նորածնի զննումից, կիրառվում են մի շարք ախտորոշիչ հետազոտություններ՝ համակարգչային տոմոգրաֆիա, նեյրոսոնոգրաֆիա, մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա:

Նորածինների մոտ ցնցումների առկայությունը հաստատելու համար թիրախային է էլեկտրոէնցեֆալոգրաֆիան, որի միջոցով հնարավոր է տարբերակել ոչ էպիլեպտիկ վարքագիծը նորածնային նոպաներից:

Նոպաների կանխատեսումը կախված է դրանց առաջացման էթիոլոգիկ գործոններից: Եթե էլեկտրոէնցեֆալոգրաֆիան նորմալ է, ապա կանխատեսումը գերազանց է:

Նորածինների նոպաների ախտորոշումը, կառավարումը և կանխարգելումը պահանջում են բազմապրոֆեսիոնալ մոտեցում՝ կլինիկական նոպաների ոչ լիարժեք և ընդունվող դեղամիջոցների կողմնակի ազդեցությունների հետևանքով առաջացած բարդություններից խուսափելու համար:

Լիլիթ Գալստյանը ընդգծում է՝ նորածինների նորմալ վարքագիծը, որը կարող է նմանակել նոպաներին, ներառում է ծծելու շարժումները, զկռտոցը, աչքերը բացելը-փակելը կրկնելը, աչքերի շեղումը, բերանի և լեզվի կրկնվող շարժումները, ստորին վերջույթներով հեծանիվ վարելը, տոնիկ կեցվածքը և նորածինների քնի ընթացքում բարորակ միոկլոնուսը (ֆիզիոլոգիական միոկլոնուս, որն առաջանում է քնի ժամանակ):

Ինչպես կարող ենք ձեզ օգնել