|
  • Русский
  • English

Վախ՝ բժիշկներից. հոգեբանի առաջարկները՝ ծնողներին

Վախը մարդու հույզերից է և կատարում է մի շատ կարևոր ֆունկցիա՝ պաշտպանական։

Մանկական ամենատարածված հույզերից մեկը վախն է բժիշկներից։ Հաճախ, երբ անհրաժեշտ է լինում դիմել բժշկի, երեխան սկսում է դիմադրել, լացել, ճչալ։ Նման վարքի պատճառը վախն է, որն էլ իր հերթին ունի խորքային պատճառներ։

  • Երեխան նախկինում ունեցել է բժիշկների հետ առնչվելու վատ փորձ՝ ոչ ճիշտ մոտեցման կամ այլ պատճառով։
  • Երեխային վախեցրել և վախեցնում են բժիշկներով, որը ենթագիտակցորեն բացասական վերաբերմունք է ձևավորում բժիշկների հանդեպ։

Այս երկու հիմնական պատճառով են փոքրիկները սկսում լացել և դիմադրել, երբ տեսնում են բժիշկների։ Լացն ազդանշան է, որ երեխային անհանգստացնող պատճառներ կան, որոնք անտեսել չի կարելի։ Որպեսզի կարողանանք օգնել, պետք է հասկանանք լացի տեսակը։

Հոգեբաններն առանձնացնում են լացի 3 մեծ խումբ.

  • Օգնության կանչելու լաց՝ այս դեպքում պետք է օգնել երեխային դուրս գալ այդ իրավիճակից, այլ ոչ թե խղճալ, բարկանալ կամ ծաղրել։
  • Վախի լաց՝ այս դեպքում պետք է հանգստացնել երեխային, մնալ նրա կողքին, բացատրել, որ վախենալը նորմալ է, օգնել հաղթահարել վախը։
  • Մանիպուլացնող լաց՝ այս դեպքում երեխան լացում է իր ուզածը ստանալու համար և անմիջապես կտրում է ձայնը, երբ հասնում է իր ուզածին։

Բժշկին տեսնելիս փոքրիկ այցելուն կարող է ուժգին լացել նախկինում ապրած ցավի զգացողությունը հիշելով կամ սպասվող ցավի, անորոշության նկատմամբ տագնապից։

Տարածված միֆերից է, որ պետք է երեխայի լացը դադարեցնել ու այդ «գործը» վստահվում է ծնողին կամ հոգեբանին։ Իրականում, երեխայի լացը դադարեցնելը չի օգնի, եթե չի հաղթահարվել վախի պատճառը։

Հոգեբանը պետք է կարողանա հասկանալ լացի պատճառը և օգնել փոքրիկին հաղթահարելու այդ ցավոտ, սթրեսային իրավիճակը։

Խնդիրը ավելի սուր է տարբեր առանձնահատկություններով երեխաների դեպքում (զարգացման հապաղում, աուտիստիկ սպեկտրի խանգարում և այլն)։ Մանավանդ երբ երեխան ամբողջությամբ չի ընկալում իրեն ուղղված խոսքը, ուստի նրան բացատրելը, համոզելը կամ նրա հետ պայմանավորվելը շատ ավելի դժվար է, քան նորմատիպիկ երեխաների դեպքում։

Խաղաթերապիայի կաբինետի մանկավարժ-հոգեբան Օլյա Մուսոյանը մի շարք առաջարկներ է ներկայացնում, թե ինչպե՞ս օգնել նմանատիպ առանձնահատկություններով երեխային, երբ նա լացում է:

  • Պետք է հասկանալ և ընդունել երեխայի զգացմունքները։ Եթե ասում ենք՝ «վախենալու բան չկա», «հո դու վախկոտ չես» կամ ցանկացած այլ արտահայտություն, որը հերքում կամ իմաստազրկում է նրա ապրումները, դրանով կրկնակի սթրես ենք պատճառում երեխային։
  • Պետք է նրբանկատորեն շեղել երեխային և նրա ուշադրությունը կենտրոնացնել իրեն հետաքրքիր պատմությունների, մուլտֆիլմերի կամ խաղալիքների վրա։
  • Կարելի է նաև խաղի միջոցով հաղթահարել վախը։ Երեխայի հետ խաղացեք «բժիշկ_բժիշկ» խաղը, բժշկի դերում թող լինի երեխան, թող նա բուժի, անալիզ վերցնի, թոքերը լսի, կոկորդը ստուգի, դեղեր նշանակի։ Այսպես կարելի է որոշ չափով հաղթահարել վախը բժիշկների նկատմամբ, երեխան բժիշկ է, «բուժում է» մայրիկին, հայրիկին, քույրիկին կամ եղբորը և գովեստի խոսքերի կամ խրախուսանքի արժանանում…. ուրեմն բժիշկը լավն է՝ ենթագիտակցորեն մտածում է երեխան։
  • Կարելի է երեխային տալ ընտրության հնարավորություն և բացատրել բժշկական միջամտության կարևորությունը հենց երեխայի համար։
    Առաջարկեք տարբերակներ, տվեք ընտրության հնարավորություն, իհարկե, հաշվի առնելով երեխայի տարիքը:
  • Եթե երեխան հրաժարվում է բժշկական միջամտություններից, պետք է քննարկել երեխայի հետ, երկխոսել, որպեսզի երեխան գնահատի իրավիճակը, լուծում գտնի և գա այն եզրակացությանը, որ բժշկական միջամտությունն անխուսափելի է, հակառակ դեպքում իր վիճակը կարող է ավելի բարդանալ, իհարկե, այս դեպքում ևս հաշվի առնելով երեխայի տարիքը:
  • Առանձնահատկություններով երեխայի դեպքում հարկավոր է կրկնակի նրբանկատություն։ Եթե անհապաղ բժշկական միջամտության կարիք չկա, պետք է հնարավորություն տալ երեխային «մտերմանալ» միջավայրի հետ։ Կարելի է խնդրել ծնողին գոնե մեկ անգամ (ցանկալի է՝ 2-3 անգամ) նախապես այցելել բժշկական հաստատություն, պարզապես շփվել բժշկի, բուժքրոջ, հոգեբանի հետ, կոնտակտ հաստատել նրանց հետ, որպեսզի կրկնակի սթրես չապրի երեխան։ Եթե կոնտակտը չի ստացվում, և երեխան ոչ մի կերպ իրեն մոտ չի թողնում բժշկին, պետք չէ շտապել։ Այս դեպքում ավելի ճիշտ կլինի դիմել հոգեբանի, ով խաղային թերապիայի միջոցով երեխային կծանոթացնի «բժիշկ» մասնագիտության հետ, կսովորեցնի կատարել անհրաժեշտ պարզ հրահանգները (բերանը մեծ բացիր, խորը շնչիր և այլն)։

Այսպիսով, այն մասնագետները, ովքեր աշխատում են կամ ինչ-որ չափով առնչվում են երեխաների հետ, պետք է փորձեն հասկանալ երեխաներին և լինեն համբերատար, հակառակ դեպքում օգնելու փոխարեն կարող են վնասել։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել