Ընդհանուր մանկաբուժական ծառայության ղեկավար Մարի Դարակչյանն անդրադարձել է նեբուլայզերների (սեղմումային ներշնչակներ) օգտագործման առանձնահատկություններին` հաշվի առնելով դրանց տարածվածությունը բնակչության շրջանում:
Հարց-Ե՞րբ է ցուցված օգտագործել նեբուլայզեր:
Պատասխան- Շատ ծնողներ հաճախ նեբուլայզերներն օգտագործում են ոչ ճիշտ՝ դրանց մեջ երբեմն ավելացնելով դեղեր, որը նախատեսված չէ նեբուլայզերների համար: Կամ կատարում ինհալյացիա սովորական ֆիզլուծույթով, որի արդյունավետությունը որևէ հիվանդության բուժման համար ապացուցված չէ: Սովորաբար, նեբուլայզերների օգտագործումը ցուցվում է 5 տարեկանից մեծ երեխաների խմբում՝ ասթմայի բուժման նպատակով, մինչև 5 տարեկան երեխաների խմբում նեբուլայզերների օգտագործման ցուցումները սահմանափակվում են այն դեպքերով, երբ ունենք կրկնվող օբստրուկցիաներ, օրինակ, վիրուսների ֆոնի վրա, այսպես կոչված, վիրուսներով հարուցված կրկնվող սուլող շնչառության էպիզոդներ կամ հնարավոր բրոնխյալ ասթմա՝ մինչև 5 տարեկան երեխաների խմբում: Նաև նեբուլայզերների օգտագործումը ցուցված է մուկովիսցիդոզ ունեցող երեխաների խմբում։
Հարց-Ինչպե՞ս է աշխատում նեբուլայզերը:
Պատասխան-Նեբուլայզերը հեղուկ դեղամիջոցը փոխակերպում է աէրոզոլային մասնիկների, և բժշկական այս սարքը օգտագործվում է հիմնականում այդ նպատակով։ Դեղորայքի այդ փոքրիկ մասնիկները երեխան կամ մեծահասակը շնչելով ապահովում է դեղորայքի կոնցենտրացիա ստորին շնչուղիներում՝ օգտագործելով բերանի համար նախատեսված գլխիկ կամ դիմակը։ Ընդհանրացնելով կարելի փաստել, որ այս սարքը նախատեսված է օգտագործել բրոնխալայնիչների և հորմոնների տարբեր տեսակների օգտագործման համար, որոնք օգնում են կառավարել սուլող շնչառությունը։ Մուկովիսցիդոզով հիվանդ երեխաների խմբում կարելի է կիրառել մուկոլիտիկներ և ինհալյացիոն հակաբիոտիկներ։ Նեբուլայզերն աշխատում է օդի կոմպրեսորով, ինչի համար անհրաժեշտ է, որ սարքը միացված լինի էլեկտրական հոսանքին: Որոշ նեբուայզերներ կարող են աշխատել մարտկոցով:
Հարց-Ինչպե՞ս պետք է օգտագործել նեբուլայզերը:
Պատասխան-Նեբուլայզերը պետք է օգտագործել լավ լուսավորված տարածքում, այսինքն՝ եթե երեխայի համար է օգտագործվում, ապա ցերեկային ժամերին կամ, եթե գիշերն են կատարվում ինհալացիաները, պետք է լուսավորված լինի սենյակը: Նախընտրելի է՝ տանն առանձնացված լինի հատուկ տարածք, որպեսզի ինհալացիաները հնարավոր լինի իրականացնել առանց ընդմիջման: Պետք է երեխային նստեցնել , ստեղծել հարմարավետ պայմաններ:
Հարց-Ինչպե՞ս է կատարվում բժշկական ամբողջ գործողությունը:
Պատասխան- Ըստ սխեմայի, հավաքվում է նեբուլայզերը, այնուհետև միացվում է հոսանքի ռեսուրսին: Անպայման պետք է ձեռքերը լվանալ օճառով, չորացնել մաքուր անձեռոցիկով: Նեբուլայզերը հավաքելուց հետո բժշկի ցուցմամբ՝ լցնում ենք դեղորայքը, նոսրացնում ֆիզլուծույթով կամ նատրիումի քլորիդի 0.9 տոկոսանոց լուծույթով: Եթե ֆիզլուծույթի քանակությունը քիչ լինի, ապա ինհալացիաների ժամանակ դեղի կորուստը շատ կլինի, և եթե շատ լինի ֆիզլուծույթի քանակը, հնարավոր է՝ ինհալացիան երկար տևի, և երեխան չցանկանա մինչև վերջ դիմանալ ինհալացիայի գործընթացին: Չպետք է թույլ տալ, որ երեխան լաց լինի, ինչի նախապայման է ինհալացիայից առաջ դատարկ կամ անջատած ինհալիատորով խաղերի կազմակերպումը երեխայի հետ: Այսինքն՝ երեխան պետք է պատրաստ լինի, հասկանա, որ գործողությունը ցավոտ չէ: Ինհալացիայի ընթացքում պետք է որևէ զբաղմունք գտնել երեխայի համար: Եթե խոսքը կրծքի երեխաների մասին է, ապա նրանց համար ինհալացիան պետք է կազմակերպել ոչ շատ շուտ, ոչ շատ քաղցած վիճակում, որ երեխան չունենա անհարմարություն, չլացի, ինչը կդժավարացնի ինհալացիայի գործընթացը, կամ դա կարվի ընդհատումներով: Եթե երեխան ավելի մեծ է, ապա կրկին պետք է ինհալացիան կատարելիս լինի ոչ շատ կուշտ, ոչ շատ քաղցած, որովհետև, եթե ինհալացիան արվի անմիջապես ուտելուց հետո, հնարավոր է՝ փսխում առաջանա, իսկ եթե ինհալացիա արվի մինչև երեխայի կերակրվելը, ապա հնարավոր է՝ սրվի երեխայի հազը, դժվարանա սնունդ ընդունել ինհալացիայից հետո: Դեպքեր կան, երբ ծնողներն ասում են՝ ջերմող երեխային ինհալացիա անել չի կարելի կամ դեղորայքը, որ տալիս եք մեկ ինհալացիոն դեղաբաժնի համար, բաշխվում է օրվա ընթացքում, դրանք սխալներ են, որ կարող են իջեցնել բուժման արդյունավետությունը:
Հարց-Որքա՞ն պետք է տևի ինհալացիայի սեանսը:
Պատասխան-Պետք է տևի այնքան, որ ամբողջ դեղը երեխան շնչի և տարբեր ինհալացիոն ապարատների ուժից կախված, կարող է լինել տարբեր ժամանակահատված՝ միջինում 5-15 րոպե: Եթե օգտագործվող դեղորայքի հետևանքով նկատվի երեխայի դեմքի կարմրություն, անհանգստություն, հաճախացած շնչառություն, դող կամ որևէ այլ ախտանշան, ինհալացիան պետք է դադարեցնել և կապ հաստատել բժշկի հետ:
Հարց-Ինչպե՞ս մաքրել նեբուլայզերը:
Պատասխան-Նշեմ, որ տանը կարող են մի քանի երեխաներ լինել, որոնց համար կարող է կատարվել ինհալացիան: Ինքնավարակումից խուսափելու համար պետք է բացել, առանձնացնել ինհալիատորի այն հատվածնեըը, որոնք առանձնանում են և լվանալ տաք ջրով, ապա թափահարել, որ ավեցուկը դուրս գա և չորացնելու համար շրջել չոր թղթի վրա: Բացի դրանից, եթե ավարտել եք ինհալացիան, պետք է կատարվի ինհալիատորի տարբեր մասերի ամբողջական մաքրում, այս դեպքում տաք ջրին ավելանում է մաքրող միջոց, որը կարող է լինել օճառ կամ քիչ քանակով ափսե լվանալու հեղուկ, ի դեպ, պետք է լինի այնպիսին, որ շատ ակտիվ քիմիական նյութեր չպարունակի, քանի որ ինհալիատորի մաս կազմող պլաստիկերը կարող են վնասվել ակտիվ քիմիական նյութերից և դառնալ վտանգավոր հետագա օգտագործման համար: Լվանալուց հետո անհրաժեշտ է պարզաջրել առատ, մաքուր ջրով, դնել թղթե անձեռոցիկի վրա, որ օդի միջոցով չորանա: Եթե նեբուլայզերի ամբողջական ախտահանման կարիք կա, պետք է անել կամ ամեն օր երեկոյան կամ շաբաթը մեկ անգամ: Ախտահանման համար կարելի է օգտագործել ախտահանող տարբեր նյութեր, հիմնականում 70 տոկոս իզոպրոպիլ ալկոհոլն է օգտագործվում 5 րոպեի ընթացքում կամ 3 տոկոսանոց ջրածնի պերօքսիդը 30 րոպեի ընթացքում: Ախտահանումից հետո կատարում ենք առատ ցողում մաքուր ջրով, որից հետո կարող ենք դնել մակերեսի վրա, որ չորանա: Որոշ դեպքերում կարելի է անել ուղղակի տաքացման մեթոդով, օրինակ, եռացնել 5 րոպե կամ դնել միկրոալիքային վառարանում, համապատասխան մասերը ևս 5 րոպե: Եթե տանն ունեք երեխաների շշերի համար նախատեսված ստերիլիզացիոն սարք, այդ մասերը ևս կարող ենք այդտեղ դնել: Բայց պետք է հիշենք, որ նեբուլայզերները կարող են լինել տարբեր, անպայման պետք է նայել օգտագործման կարգն ու միջոցները՝ ախտահանման որևէ մեթոդից օգտվելիս, քանի որ նրանք կարող են անդառնալի վնաս հասցնել նեբուլայզերին, եթե այն ցուցված չէ այդ տարբերակով ախտահանման համար: Պետք է հիշել, որ կան 2 մեծ խումբ պրեպարատներ, որոնք օգտագործվում են նեբուլայզերների համար: Առաջին խումբը՝ բրոնխոլյանիչներն են։ Մեզ ծանոթ անուններով դրանք կոչվում են սալբուտամոլ կամ ալբուտերոլ։ Երկրորդ խումբը ինհալյացիոն գլյուկոկորտիկոլներն են։ Դեղորայքներ, որոնք նախատեսված չեն ինհալյացիային տարբերակով օգտագործման համար չի կարելի ավելացնել ինհալյացիոն խառնուրդում։ Դրանք են հակահազային հեղուկ դեղորայքները կամ ներերակային ներարկման օգտագործման համար նախատեսված հորմոնները, օրինակ՝ դեքսամետազոնը: Հիշենք, որ շատ մեծ կիրառություն և ցուցում ինհալաիատորներն ունեն 3 մեծ խումբ հիվանդությունների դեպքում՝ մուկովիսցիդոզով հիվանդներն, որոնց դեպքում ինհալացիայիով նրանք կարող են ստանալ նաև աէրոզոլային հակաբիոտիկներ, ֆերմենտներ, որոնք օգնում են տրոհել արտազատուկները և ապահովել տեղային հակաբորբոքիչ թերապիա: 2-րդ խումբը բրոնխյալ ասթմայով հիվանդներն են. կարող ենք օգտագործել ինհալյացիոն բրոնխոլայնիչներ կամ կոնտիկոստերիոդներ։ Վերջիններս կարող են օգտագործվել նաև այն երեխաների խմբում, որոնք ունեն կրկնվող, սուլող շնչառություն, բայց դեռևս 5 տարեկանից փոքր են, չունեն բրոնխյալ ասթմա ախտորոշում, բայց բժիշկների հսկողության տակ են՝ որպես հնարավոր բրոնխյալ ասթմա ախտորոշում ունեցող երեխաներ։ Որոշ դեպքերում սուր բրոնխիոլիտով հիվանդ երեխաների խումբն է, որ կարող են ստանալ հիպերտոնիկ լուծույթներով ինհալացիաներ, այն էլ միայն հիվանդանոցային պայմաններում, բժշկի անմիջական հսկողության տակ: Հիշենք, որ բոլոր պրեպարատները, որոնք առաջացնում են խորխի տրոհում, և քանակի ավելացում, և մինչև 2 տարեկան են, կարող են ունենալ բրոնխի խցանում, որը կարող է հանգեցնել թոքի ատելակտազի և հետատելեկտազային բորբոքման զարգացման:
Մանկաբույժն ավելացնում է, որ դրանցից խուսափելու համար ինհալիատորներն ու ինհալացիաները պետք է ճիշտ օգտագործել, տեղին կիրառել՝ միայն բժշկի ցուցմամբ:

