|
  • Русский
  • English

Ի՞նչ անել օձի խայթոցի դեպքում

Հայստանում տարածված 22 տեսակից թունավոր են միայն 4 տեսակի իժերը՝ գյուրզան, հայկական իժը, Դարևսկու իժը և Երևանյան տափաստանային իժը: Օձերը նախահարձակ չեն և խայթում են միայն ինքնապաշտպանության նպատակով:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանի փոխանցմամբ՝ իժերի թույնը ունենում է տեղային և համակարգային ազդեցություն՝ զարգացնելով արյան, մակարդելիության, սիրտ անոթային համակարգի, նաև կծած տեղում մաշկի և մկանների ծանր ախտահարում:

Տեղային ազդեցություն (15 րոպեից — մի քանի ժամերի ընթացքում)

  • ճառագայթող բնույթի ցավ (վերջույթից դեպի թևատակ/աճուկ)
  • կծած տեղում հարաճուն այտուցի զարգացում և տարածում դեպի հարակից հատվածներ (կծած վերջույթից դեպի իրան, գոտկատեղ)
    առավել վտանգավոր է պարանոցի և գլխի շրջանում կծածը, երբ այտուցը սպառնում է շնչուղիների անցանելիության խանգարմանը
  • կծած տեղի ավշահանգույցների և ավշային անոթների զգայունություն(թույնը տարածվում է ավշային ուղիներով և ավշահանգույցների մեծացումը կանխորոշում է ծանր սիստեմոտոքսիկ ազդեցություն)
  • կծածի հետքեր․ թունավոր ժանիքների երկու կամ մեկ կետային ատամնա հետքեր, իսկ կրկնակի կծածի դեպքում` բազմակի կետային կամ քերծված վերքերի տեսքով,երբեմն նաև ատիպիկ, առանց բնորոշ ատամնահետքերի,
  • թունավորումը վկայող տեղային բնորոշ նշաններից են հարաճուն այտուցը, կարմրությունը, կապտուկները, արյունազեղումները, էկխիմոզները, բուլաները, մեռուկային օջախները:

Համակարգային ազդեցություն (5 րոպեից — մի քանի ժամերի ընթացքում)

  • տագնապ, ընդհանուր թուլություն, գլխապտույտ,ծանր դեպքերում՝ գիտակցության ընկճում
  • սրտխառնոց, փսխումներ, մետաղական համ բերանում, փորացավ, գլխացավ, դող, գերքրտնություն
  • հաճախաշնչություն,հաճախասրտություն, արյան ճնշման անկում
  • ծանր դեպքերում՝ արյան մակարդելիության խանգարման, հեմոլիզի նշաններ
  • կոագուլոպաթիայի, երկրորդային արյունազեղումների, դեպի կծած վերջույթ հեղուկի արտանետման հետևանքով զարգացող հիպովոլեմիան և/կամ թույնի ուղղակի ազդեցությամբ պայմանավորված վազոդիլատացիան/սրտամկանի ընկճումը կարող են հանգեցնել ծանր շոկի:

Ի՞նչ անել եթե խայթել է օձը

  • պառկեցնել տուժածին,
  • հորդորել, հանգստացնել, բացատրել, որ չշարժի կծած վերջույթը,
  • անշարժեցնել կծած վերջույթը ֆունկցիոնալ դիրքով, կծած վերքը պահելով սրտի մակարդակին հավասար դիրքում (վերջույթի ցածր դիրքը կնպաստի այտուցի ավելացմանը, իսկ բարձր դիրքը՝ թույնի արագ ներթափանցմանը),
  • կծած հատվածից հեռացնել սեղմող/ճնշող հագուստը,կապերը, կոշիկը, մատանիները և այլ․ պետք չէ հանել չճնշող հագուստը, մաքսիմալ պակասեցնելով ավելորդ շարժումները և թույնի արագ տարածումը,
  • չափել և նշել այտուցի մաքսիմալ տարածման սահմանը՝ հետագա համեմատության համար:

Օձի խայթոցի դեպքում արգելված են հետևյալ միջամտությունները

  • բերանով կամ մեխանիկական սարքով թույնի արտածծում,
  • կտրվածքներ վերքի շրջանում,
  • վերքի այրում,
  • սառցեպարկեր դնելը,
  • ճնշող վիրակապ,
  • լարան,
  • վերքի մշակում կամ լվացում (եթե հիվանդանոց տեղափոխելը տևում է < 1 ժամ),
  • ալկոհոլի ընդունում:

Հավաքագրել անամնեզ

  • ճշտել դեպքի վայրը և ժամը,
  • ճշտել դեպքի հանգամանքները՝ արդյոք առկա է նաև վնասվածք,
  • հնարավորինս ճշտել օձի տեսակը, օգնում են դիգիտալ նկարները,
  • ճշտել մինչև բժշկական փուլում ցուցաբերած բուժօգնությունը,
  • ճշտել արդյոք առկա են ուղեկցող հիվանդություններ և ռեգուլյար ընդունվող դեղորայք(ասպիրին, բետա պաշարիչ, ոչ ստերոիդ հակաբորբոքային, հակամակարդիչ դեղամիջոցներ), որոնք կարող են խանգարել կլինիկական գնահատմանը կամ բուժմանը,
  • ճշտել, ստացել է արդյոք հակափայտացման պատվաստումը, եթե ոչ, ապա ձեռնարկել անատոքսինի ներարկումը:

Կենսական ցուցանիշների մոնիտորինգ

  • գիտակցություն, շնչառություն, պուլս, սրտի ռիթմ, զարկերակային ճնշում, մարմնի ջերմություն, դիուրեզ,
  • ապահովել վերջույթի շարունակական անշարժեցումը, չափել և նշել ավելացող այտուցի սահմանները,
    բոլոր տուժածները ենթակա են հոսպիտալիզացիայի և նվազագույնը 12 ժամ վերահսկողության և պետք է տեղափոխվեն մոտակա բուժհաստատույթուն, որտեղ հասանելի է հակաթույնը:

Հակաթույնի ներարկման բացարձակ ցուցումներ են՝

  • արտահայտված տեղային և համակարգային ախտանիշների առկայությունը
  • տեղային այտուցների արագ հարաճը առաջին 2-4 ժամերի ընթացքում վերջույթի կեսից ավելին(վերին վերջույթի դեպքում դաստակից վեր, ստորինի դեպքում՝ կոճից վեր),
  • շոկը,
  • աղեստամոքսային ախտանիշներ,
  • նյարդաբանական ախտանիշներ:

Հավելենք, որ այս տարի նախորդ տարիների համեմատ՝ օձի խայթոցի դեպքերը զգալիորեն նվազել են:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել