«Ցելիակիա, կլինիկական դեպքի մեկնաբանում, ախտորոշման նոր մոտեցումներ, բուժում». գիտագործնական հերթական կոնֆերանսի քննարկման թեման էր:
Այն ներկայացրեց ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի երկրորդ կուրսի կլինիկական օրդինատոր Թամարա Օհանջանյանը։
Ցելիակիան իմուն միջնորդավորված էնտերոպաթիա է, որը պայմանավորված է գլյուտենի նկատմամբ կայուն անտանելիությամբ։ Բնորոշ է ժառանգական նախատրամադրվածությունը։
Ցելիակիայի հետ համակցված հիվանդություններն են՝
- Տիպ 1 շաքարային դիաբետ,
- Դաունի համախտանիշ կամ Տերների համախտանիշ,
- Վահանագեղձի աուտոիմուն հիվանդություն,
- Նևրոլոգիական հիվանդություններ՝ ուղեղային ատաքսիա, նեյրոպաթիա, էպիլեպսիա,
- Աուտոիմուն հիվանդություններ՝ հեպատիտ/խոլանգիտ, առաջնային բիլիար ցիռոզ, ՌԱ, ԽԿ, ԿՀ,
- Սելեկտիվ IgA դեֆիցիտ:
Կլինիկական օրդինատորի փոխանցմամբ` առայժմ ցելիակիայի բուժման միակ մոտեցումը գլյուտենազերծ (gluten-free) սննդակարգն է։
Տոքսիկ հացահատիկներ են համարվում ցորենը, տարեկանը, գարին, վարսակը, իսկ ոչ տոքսիկ են եգիպտացորենը, բրինձը, հնդկաձավարը, կորեկը, կինոան։
«Սակայն պետք է հիշել, որ նախքան Ցելիակիա հիվանդության ախտորոշումը խորհուրդ չի տրվում սահմանափակել գլյուտեն պարունակող սնունդը, քանի որ դա կարող է նպաստել կեղծ բացասական պատասխան ստանալուն` նվազեցնելով ինչպես շճաբանական/սերոլոգիական, այնպես էլ բիոպսիայի թեստերի զգայունությունը»,- մանրամասնում է զեկուցողը: