«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիական կլինիկայի բժիշկ, ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս Լուսինե Առաքելյանը շարունակում է ներկայացնել Մեծ պահքի և առողջության թեման:
Մասնագետը նախորդ անգամ անդրադարձել էր օգտակարությանը, իսկ այսօր առավել մանրամասն կներկայացնենք, թե ինչ վնասակարություն կարող է առաջացնել Մեծ պահքի ժամանակ սննդի սահմանափակումը, ինչպես նաև կխոսենք սննդի առանձնահատկությունների մասին:
Նախ ընդգծենք, որ պահքային սննդակարգը հակացուցված է հղիներին, կերակրող մայրերին, մինչև 14-15 տարեկան երեխաներին, տարեցներին և քրոնիկական հիվանդություններ ունեցողներին:
Եթե պահք պահելիս մեզ հաջողվում է կենդանական և բուսական սննդամթերքի փոխարինումը կատարել ճշգրտորեն, ապա առողջական խնդիրներ չեն առաջանա։
Սակայն, եթե մենք սննդում չարաշահում ենք բուսական յուղերի օգտագործումը (նորմայում օրեկան մինչև 40 գրամ) ապա դա կարող է սրացնել ստամոքսաղիքային տրակտի մի շարք հիվանդությունների ընթացքը, օրինակ` գաստրիտը, խոցային հիվանդությունը:
Սովորաբար սննդից հագեցումը տեղի է ունենում մսի և մսամթերքի շնորհիվ։ Եթե մենք չենք օգտագործում դրանք, ուրեմն երկար ժամանակ քաղցած ենք մնում և սկսում ենք ուտել մեծ քանակի սնունդ, որը պարունակում է ածխաջրեր, նույնիսկ եթե դրանք բարդ ածխաջրեր են (հաց, մակարոն, բրինձ, լոբի, ոսպ, սիսեռ, ոլոռ, եգիպտացորեն):
Սա մի կողմից, բարձրացնում է օրգանիզմում ինսուլինի պահանջարկը, վերջինս սնունդը վերածում է ճարպերի և ունենում ենք մարմնի զանգվածի ավելացում:
Մյուս կողմից էլ, ածխաջրերի մեծ քանակի օգտագործումը հանգեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման, որը վնասակար է «ածխաջրատային փոխանակության խանգարում» ունեցողների համար։
Միսը և մսամթերքը պարունակում են երկաթ, ուրեմն այն հիվանդները, որոնք ունեն սակավարյունություն կամ հակում սակավարյունության նկատմամբ, կարող են պահքի ընթացքում, բացառելով կենդանական սննդի օգտագործումը, հիվանդության սրացում ունենալ։
Այդ պատճառով նախքան պահքի դիետան սկսելը, էնդոկրինոլոգը խորհուրդ է տալիս անպայման դիմել բժշկի, կատարել մի շարք հետազոտություններ, այնուհետև առաջնորդվել բժշկի ցուցումներով։
Պահքի օրերին սննդային ռեժիմը չպետք է խանգարվի
- Անպայման պետք է նախաճաշել` օգտագործել վարսակի փաթիլներ, որոնք պարունակում են բարդ ածխաջրեր, սննդային մանրաթելիկներ, բուսական սպիտակուց, B խմբի վիտամիններ։
- Քանի որ բացառում ենք կենդանական սնունդը, որը հարուստ է սպիտակուցով և բերում է երկարատև հագեցվածության զգացումի, ուրեմն հաճախակի կլինեն քաղցի զգացումները։ Այդ պատճառով ավելի հաճախ պետք է օգտագործենք բարդ ածխաջրեր և բուսական սպիտակուց պարունակող մթերք` ամբողջահատիկ ցորեն, ոսպ, ոլոռ, լոբի սիսեռ։
- Նաև սնունդը ցանկալի է ընդունել օրը 4-5 անգամ, քիչ չափաբաժիններով։
- Չպետք է չարաշահել, այսպես կոչված, պահքային թխվածքաբլիթները։
- Որպես աղանդեր կարելի է օգտագործել թարմ կամ ջեռոցում եփած մրգերը, մրգաչրերը, ընկուզեղենը, ընդեղենը։
- Կարելի է առանձնահատուկ ուշադրություն դարձնել սոյային և նրանից պատրաստվող մթերքներին`սոյայի կաթ, սոյայի պանիր:
- Բանջարեղենի քանակը օրական նախընտրելի է լինի 400-500 գրամ և ավելի: Այն կարելի է փոխարինել թեթև աղցաններով:
Եվ իհարկե, պահքի ավարտից հետո սննդակարգի հարցում գրագետ մոտեցում կիրառելն անհրաժեշտություն է:
Կենդանական սնունդը ավելացրեք աստիճանաբար, փոքր քանակներով:
Հավելենք, որ ոսպը պարունակում է երկաթ և բուսական սպիտակուց: Մեծ քանակի երկաթ է պարունակում բազուկը:
Դդումի սերմերն ունեն օգտակար ճարպաթթուներ, վիտամին A, ցինկ:
Կաղամբը պարունակում է ասկորբինաթթու, որը պաշտպանում է օրգանիզմը վիրուսներից և բակտերիաներց:
Լոլիկը հզոր անտիօքսիդանտ` լիկոպին է պարունակում, հատկապես եփված վիճակում։