|
  • Русский
  • English

Շվեդ մասնագետներն այցելել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոց

Շվեդիայի Յոնշոփինգ քաղաքի «Ռիհովի» շրջանային հիվանդանոցի կլինիկայի մանկաբուժական թիմի ներկայացուցիչներ Ֆրեդրիկ Ինգեմանսոնը, Սայմոն Ռունդքվիստը, Մարիա Էկելունդը, Քարին Օլդին և Գյորան Հենրիքսն այցելել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, հանդիպումներ ունեցել ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի, հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հռիփսիմե Ապրեսյանի, ինչպես նաև բաժանմունքների ղեկավարներրի և բժիշկների հետ:

Շվեդ գործընկերների հետ համագործակցությունն ավելի քան 25 տարվա պատմություն ունի: Կորոնավիրուսային համավարակի բռնկումից հետո նրանք առաջին անգամ էին այցելում համալսարանական հիվանդանոց: Երկու երկրի մասնագետներն ուրախ էին համագործակցության վերսկսման համար:

Գյորան Հենրիքսը՝ Յոնշոփինգ տարածաշրջանի Qulturum-ի ուսուցման և նորարարության գլխավոր գործադիր տնօրենը, պրոռեկտոր  Արմեն Մինասյանի հետ քննարկել է հետագա համագործակցության ուղղությունները:

Հյուրերը շրջել են բաժանմունքներում,  ծանոթացել նոր սարքավորումներին,  հիվանդանոցի հաջողություններին, կիսվել իրենց խորհուրդներով և դիտարկումներով:

Շվեդ բժիշկները տպավորված են եղել հիվանդանոցի իրենց վերջին այցից (2019 թվականին) հետո կատարված բարեփոխումներով, որոնք, առաջին հերթին, ուղղված են երեխաների բուժմանը և առողջության պահպանմանը:

Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկները հաճախ են առցանց խորհրդատվություններ, փորձի փոխանակում անցկացնում արտերկրի գործընկերների հետ և արդյունավետ համագործակցում նեոնատալ ծառայության ոլորտում:

Նշենք, որ բժշկական համալսարանի և Շվեդիայի Յոնշոփինգ քաղաքի մարզային խորհրդի միջև համագործակցությունն արդեն մի քանի տարվա պատմություն ունի: 2014թ. դեկտեմբերին կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն էր ամրապնդել համագործակցությունը երկու տարածաշրջանի բուժանձնակազմի միջև: Հուշագրի կնքմամբ ամրապնդվում է հայ-շվեդական համագործակցությունը, որի հիմքը դրվել է դեռևս 1988թ., երբ շվեդ բարեգործներ՝ ամուսիններ Ուլֆ և Մարգարետա Սթրոմբերգների ղեկավարությամբ օգնության ծրագիր իրականացվեց Երևանի թիվ 4 մանկական հիվանդանոցում, այժմ՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում:

 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել