«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում միջին բուժաշխատողների համար նախատեսված «Պացիենտի անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումներ» թեմայով քառօրյա կրեդիտավորված անվճար դասընթացների շարքը շարունակվեց:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանը խոսեց «Ներհիվանդանոցային վարակների կառավարում» թեմայով:
Հարց ու պատասխանի, գործնական աշխատանքի և քննարկման միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան ստուգելու իրենց մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները:
Նշենք, որ առաջին օրվա թեման էր «Ձեռքերի հիգիենան և դրա դերը վարակների կանխարգելման գործում»: Հաջորդիվ մասնակիցները խոսեցին «Բժշկական միջամտությունների ընթացքում պացիենտների և բուժաշխատողների անվտանգության ապահովման հիմնական սկզսբունքներ» և «Թափոնների կառավարման առանձնահատկությունները բժշկական կազմակերպություններում» թեմաներով:
Շարունակական այս նախաձեռնության նպատակն է համալսարանական հիվանդանոցների միջին բուժաշխատողներին առավել մանրամասն ներկայացնել մասնագիտական գործունեության ընթացքում պացիենտի անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումներ, որոնք կնպաստեն պացիենտների հետ շփումների անվտանգության բարձրացմանը, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանը, ինչպես նաև փոխադարձ վստահության ամրապնդմանը։
Դասընթացի ավարտին կտրամադրվի 6 տեսական ՇՄԶ կրեդիտ: Դասընթացները կշարունակվեն «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում, մեկնարկը սեպտեմբերի 26-ից: