«Հեմոռագիկ վասկուլիտ , էթիոպաթոգենեզ, կլինիկական դրսևորումներ, դասակարգում, տարբերակիչ ախտորոշում, բուժում». գիտագործնական հերթական կոնֆերանսի քննարկման նյութն էր, որը ներկայացրեց ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի երկրորդ տարվա կլինիկական օրդինատոր Թամարա Օհանջանյանը։
Հեմոռագիկ վասկուլիտ (հոմանիշներ՝ IgA-վասկուլիտ, Շենլեյն-Հենոխի ծիրանացան, Շենլեյն-Հենոխի հիվանդություն, ռևմատիկ ծիրանացան/պուրպուրա, ալերգիկ ծիրանացան, Շենլեյն-Հենոխի անաֆիլակտոիդ ծիրանացան) բարդ իմունային միջնորդավորված վասկուլիտ է, որը բնութագրվում է տարբեր օրգան համակարգերում փոքր տրամաչափի արյան անոթների ներգրավմամբ։
Զեկուցողի փոխանցմամբ` IgA վասկուլիտի դասական դրսևորումը ներառում է շոշափելի պուրպուրան, ստամոքս-աղիքային տրակտի գանգատներ, արթրալգիա և երիկամային ախտահարում։
Պացիենտների մոտ կարող են առկա լինել հետևյալ ախտանիշերից որևէ մեկը՝
- Ցան
- Հոգնածություն
- Գլխացավ
- Ջերմություն
- Հոդացավ
- Ենթամաշկային այտուց
- Փորլուծություն
- Հեմատեմեզիս
- Որովայնային ցավ
- Հետանցքային արյունահոսություն
Տարբերում են Շենլեյն Հենոխի պուրպուրայի մի քանի կլինիկական ձևեր
- Հասարակ (մաշկային) ձև
- Հոդային (ռևմատոիդ) ձև
- Որովայնային ձև
- Երիկամային ձև
- Կայծակնային ձև
- Համակցված ախտահարում (խառը ձև)։
Կլինիկորեն հիվանդությունը դրսևորվում է մեկ կամ մի քանի ախտանիշներով։
Որպես կանոն հեմոռագիկ վասկուլիտը ունենում է բարորակ ընթացք։ Սովորաբար հիվանդությունն ավարտվում է ռեմիսայով կամ ամբողջական առողջացմամբ՝ մաշկի ցանն ի հայտ գալու պահից մինչև 2-3 շաբաթվա ընթացքում։
Որոշ դեպքերում հիվանդությունը կարող է կրկնվել։
Հնարավոր են ծանր բարդություններ երիկամների կամ աղիների ախտահարման պատճառով։