|
  • Русский
  • English

Անբավարար շարժողական ակտիվությունը բացասաբար է ազդում առողջությա վրա

Առողջությունը ոչ միայն յուրաքանչյուր մարդու, այլև ամբողջ հասարակության թանկարժեք սեփականությունն է:

Հարազատ մարդկանց հետ հանդիպելիս և բաժանվելիս մենք ցանկանում ենք նրանց ամուր առողջություն, քանզի դա լիարժեք և երջանիկ կյանքի հիմնական պայմանն է:

Առողջությունը օգնում է մեզ իրականացնել մեր ծրագրերը, բարեհաջող լուծել կարևորագույն կենսական խնդիրները, հաղթահարել դժվարությունները:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի կինեզիոթերապիստ Գայանե Վիլասյանի գնահատմամբ` մարդու կողմից գիտակցաբար պահպանվող և ամրապնդվող լավ առողջությունը ապահովում է նրան երկար և ակտիվ կյանք:

Վերջին տարիներին աշխատանքային վայրում, տանը և դպրոցում մեծ բեռնվածության և այլ պատճառներով, շատերի մոտ նկատվում է օրվա ռեժիմում անբավարար շարժողական ակտիվություն, ինչը նպաստում է հիպոկինեզիայի  առաջացմանը, որն իր հերթին մարդու օրգանիզմում կարող է առաջացնել մի շարք լուրջ փոփոխություններ:

Մասնագետը նշում է, որ մարդիք ստիպված են սահմանափակել ոչ միայն իրենց բնական շարժողական ակտիվությունը, այլ նաև երկարատև պահպանել անհարմար` նստած, ստատիկ դիրքը:

Երկարատև նստած դիրքում շնչառությունը դառնում է մակերեսային, նյութափոխանակությունը դանդաղում է, ստորին վերջույթներում առաջանում են արյան կանգային երևույթներ, ինչը բերում է ամբողջ օրգանիզմի և հատկապես գլխուղեղի աշխատունակության անկմանը, իջնում է ուշադրությունը, թուլանում է հիշողությունը, խանգարվում է շարժումների կոորդինացիան, երկարում է մտավոր գործողությունների ժամանակը:

Հիպոկինեզիան, մեծ քանակի ածխաջրերի և ճարպերի գերակշռությամբ սննդի չարաշահման ֆոնի վրա, կարող է բերել ճարպակալմանը:

Բուժական ֆիզկուլտուրան հիպոդինամիայի ռեաբիլիտացիայի համակարգում: Կարելի է ընդգծել ռեաբիլիտացիայի  երկու ժամանակաշրջան` ռեադապտացիայի վաղ շրջան և ռեադապտացիայի ուշ շրջան:

Ռեադապտացիայի առաջին  շրջանի հիմնական սկզբունքն է` բեռնվածությունների աստիճանական կիրառումը (վարժություների կիրառումը սկզբում նստած անկողնում, հետո նստած մահճակալի կողքին դրված աթոռին),  քայլք պալատում, ապա դուրս գալ բակ աստիճանաբար մեծացնելով քայլքի բեռնվածությունը:

Այդ փուլի բուժական մարմնամարզությունը կազմված է ընդհանուր զարգացնող, ստորին վերջույթների մկանների իզոմետրիկ և հենական ֆունկցիան մարզող վարժություններից:

Ռեադապտացիայի երկրորդ շրջանում  կիրառում են վարժություններ կցագնդերով, վազք, լող, հեծանվային զբոսանքներ, դահուկավազք, մարզասարքերի վրա վարժություններ, կոնտրաստ ցնցուղ, շոգեբաղնիք, դիետոթերապիա, ֆիտոթերապիա, վիտամինների ընդունում, աշխատանքային թերապիա: Պարապմունքի տևողությունը 10-35 րոպե, օրը 2-3 անգամ:

Ֆիզիկական վարժությունները առաջացնում են նաև դրական զգացմունքներ՝ լավ տրամադրություն, ակտիվություն:

Մասսայական ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը ոչ միայն ապահովում է առողջության և աշխատունակության մեծացում, այլ նաև նպաստում է ազգաբնակչության, հատկապես դեռահասների, ազատ  ժամանակի լրացմանը և վնասակար սովորույթներից՝ ծխելուց, խմելուց, թմրամոլությունից և խաղամոլությունից զերծ մնալուն:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել