Անցկացվել է «Կաթիլ 2024» 13-րդ ամառային ճամբարը շաքարային դիաբետ ունեցող երեխաների համար:
Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից 34 երեխա մասնակցել է «Կաթիլ» բարեգործական հիմնադրամի և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի համատեղ ջանքերով «Արզնի թիվ 1» առողջարանում անցկացված ճամբարին:
«Երեխաները օրը սկսել են մարմնամարզանքից: Օրվա ընթացքում զբաղվել են սպորտի տարբեր տեսակներով նաև փորձել են իրենց գտնել արվեստի տարբեր բնագավառներում՝ նկարչություն, երգ, երաժշտություն, սովորել են նվագել այնպիսի երաժշտական գործիքներ, ինչպիսիք են դաշնամուրը և կիթառը: Խանդավառությամբ և ժպիտով նրանք քննարկել էին իրենց ինսուլինի դեղաչափերի փոփոխությունը՝ կապված իրենց ֆիզիկական ակտիվության հետ՝ ստանալով մեր բուժանձնակազմի պրոֆեսիոնալ մոտեցումը: Ակտիվորեն մասնակցել են կայանալիք ավարտական միջոցառման սցենարի քննարկմանը»,- նշեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիակայի ղեկավար, ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Ելենա Աղաջանովան:
Նրա խոսքով՝ կարճ ժամանակահատվածում ճամբարի մասնակիցները դարձել են ավելի կազմակերպված, ինքնուրույն, ձեռք են բերել նոր գիտելիք և հմտություններ, և նրանք ժպիտով կհիշեն իրենց մանկության այս օրերը:
«Կարելի է անվերջ խոսել երեխաների ճամբարի մասին, բայց կուզեինք անդրադառնալ ամենակարևորին: Այս 7 օրվա ընթացքում երեխաները հնարավորություն ունեցան տեսնել կենդանի շփման առավելությունը, ստեղծեցին նոր ընկերական միջավայր, ձեռք բերեցին ավագ և կրտսեր քույր ու եղբայրներ: Դարձան ավելի ուշադիր, հոգատար և հետևողական միմյանց նկատմամբ, ինչն ակնհայտ երևում էր»,-հավելում է պրոֆեոոր Աղաջանովան՝ շնորհակալություն հայտնելով բոլոր կազմակերպիչներին մեծ աշխատանքի և աջակցության համար, երեխաների ծնողներին՝ վստահության համար: