|
  • Русский
  • English

Երբվանից կարելի է երեխային ձմերուկ տալ, ինչքանով է այն անվտանգ ու առողջարար. մանկաբույժի խորհուրդները

Ներկայացնում ենք Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար Մարի Դարակչյանի դիտարկումները ձմերուկի պահպանման, օգտագործման եւ օգտակարության մասին

1. Ձմերուկը հանդիսանում է սեզոնային մթերք, կարևոր է այն տրվի տվյալ ժամանակահատվածում:

2. Ձմերուկը կարող է ներառվել երեխայի սննդի մեջ, երբ երեխան պատրաստ է ընդունելու պինդ բաղադրության սնունդ, որը հիմնականում վեց ամսականից սկսած է:

3. Շատ հաճախ, քանի որ հյութը առատ է ձմերուկի մեջ, երեխաները կարող են կոկորդը մաքրելու ռեֆլեքսի առաջացում ունենալ՝ մեծ կտորներ ծամելու ժամանակ, որին պետք է ծնողները պատրաստ լինեն:

4. Ձմերուկի մեջ ավելի շատ կա հզոր անտիօքսիդանտ՝ լիկոպեն, քան տոմատներում, լոլիկի մեջ: Այն նաև այլ ֆիտոզ սննդանյութեր է պարունակում, ինչպիսին բետակարոտինն է, որը նպաստում է իմուն ֆունկցիայի լավացմանը, և ցիտրուլինը, որը կարող է բերել զարկերակային ճնշման կարգավորմանը: Բացի դրանից ձմերուկը պարունակում է նաև վիտամին C , որը կարող է օգնել, որ երկաթի ներծծումը տարատեսակ սննդամթերքների ընդունումից հետո ավելի լավ կատարվի: Դրա համար կարելի է երբեմն ձմերուկը համադրել տարատեսակ կանաչ տերևների, չիայի սերմերի հետ, որոնց մեջ կա երկաթ:

5. Պետք է հիշել նաև, որ ձմերուկը կարող է իր մեջ բակտերիաներ ունենալ: Ամբողջական ձմերուկը կարելի է պահել սենյակային ջերմաստիճանում մինչև հասունանա, սովորաբար գնելու օրվանից 1-2 օր, որից հետո պետք է տեղափոխել սառնարան: Իսկ կտրված ձմերուկը պահել սառնարանում 3 օր, եթե ուզում ենք ավելի երկար պահել, պետք է հանենք սերմերը, քամենք հյութը: Այդ հյութը կարելի է սառցախցիկում պահել մինչև մեկ տարի, սակայն սառած հյութը երեխաների համար ցանկալի չէ:

6. Երեխայի համար սնունդ ընտրելիս կարևոր է մտածել երեխայի ոչ միայն առողջության, այլեւ անվտանգության մասին: Ձմերուկի դեպքում ծնողների ուշադրությունը կարեւոր է՝ հաշվի առնելով կորիզների առկայությունը այս հատապտղի մեջ:

Երեխան, որը դեռ լիարժեք չի տիրապետում ծամելու և կլման ակտերի ճիշտ համադրությանը, կարող է ձմերուկ ուտելու գործընթացը ուղեկցվի հազով, անգամ որձկալու էպիզոդներով: Ցանկալի է, որ երեխաներն ուտեն ձմերուկ մեծերի հսկողության տակ, անվտանգ սննդային միջավայրում, որը ենթադրում է մեծահասակի կողմից ձմերուկի թարմության գնահատում, կտորների մեծության որոշում, ինչպես նաև կուտերի հանում` որոնք կարող են ասպիրացիայի մեծ վտանգ պարունակել:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել