Բժիշկ-ստոմատոլոգ Դիանա Բաղրամյանը նշում է, որ երեխայի առաջին «այցն» ատամնաբույժին չպետք է հետաձգել մինչև կառաջանան խնդիրներ, հատկապես՝ ցավային զգացողություններ. այլապես ստոմատոլոգին այցելելը երեխան կասոցացնի բացասական էմոցիաների, վախի հետ, ինչն ավելորդ սթրես է թե՛ երեխայի, թե՛ ծնողի համար։
Մինչ բժշկին այցելելը կարևոր է հոգ տանել պրոֆիլակտիկայի մասին:
Կարիեսի կանխարգելումը պետք է սկսել հղիության ընթացքում։ Այն բաղկացած է հավասարակշռված, ռացիոնալ սննդակարգից։ Կարևոր է կրծքով կերակրման ժամանակ մոր ճիշտ սնունդը, այն պետք է պարունակի անհրաժեշտ նյութերի ամբողջ համալիրը։
Երեխաների սնունդը շարունակում է կարևոր գործոն լինել տարբեր ատամնաբուժական հիվանդությունների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու գործում։ Պետք է գնահատել ոչ միայն սննդի բաղադրությունը (սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, հանքանյութերի ճիշտ հարաբերակցությունը), այլև դրա հետևողականությունը։ Պետք է փոքր տարիքից երեխային վարժեցնել քաղցրավենիքի նվազագույն օգտագործմանը։
Հաճախ շրջանառվող տեսակետներ են, թե կաթնատամները բուժելու կարիք չկա, միևնույն է հետագայում դրանց կփոխարինեն մշտական ատամները կամ որ պետք է հեռացնել կաթնատամները, որպեսզի դրանց տեղում ծկթեն մշտականները։ Սխալ մոտեցում է: Իրականում, մշտական ատամների վիճակը մեծապես կախված է կաթնատամներից։
Կաթնատամների հիվանդությունները կարող են վնասել մշտականների սաղմերը, քանի որ դրանք տեղակայվում են կաթնատամների արմատների տակ։
Կաթնատամներում հիվանդագին պրոցեսները շատ ավելի արագ են զարգանում և ինֆեկցիան արագ է խորանում. ատամը սկսում է ցավել, շուրջատամնային լինդն այտուցվում է։
Պարբերական այցերի շնորհիվ, խնդիրների վաղ ախտորոշումը թույլ կտա իրականացնել ավելի պարզ, արագ, անցավ, ինչպես նաև՝ ավելի էժան պրոցեդուրաներ։
Պետք է նշել,որ երեխայի բուժումից կատեգորիկ հրաժարվելու պարագայում (անգամ բազում փորձերից հետո կամ առողջական խնդրի դեպքում) կարելի է իրականացնել բերանի խոռոչի սանացիա ընդհանուր անզգայացման միջոցով:
Թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկա՝ 010 301 000 ներքին 508: