Անկախ համալսարանական մասնագետների հորդորների, ցավոք, ճայթուցիկների (պիրոտեխնիկական միջոցների) անզգույշ և անփույթ կիրառման պատճառով մեր համալիր Ամանորի գիշերը տեղափոխվել էր երկու անչափահաս:
Դեկտեմբերի 31-ի գիշերը հերթապահող թիմի կազմում էր բժիշկ-մանկական դիմածնոտային վիրաբույժ Նարեկ Մկրտչյանը, որի փոխանցմամբ` երկու տուժածին տրամադրվել է առաջին բժշկական օգնություն:
Տուժածներից մեկի մոտ առկա էին աչքի վնասվածքներ, առաջին բուժօգնություն ստանալուց հետո նա տեղափոխվել է մասնագիտացված ակնաբուժական կլինիկա, իսկ երկրորդի վնասվածքը դեմքի շրջանում էր` բավականին խորը պատռվածքի տեսքով (տես նկարում):
Բժշկի խոսքով` բարեբախտաբար երկուսի առողջական վիճակը բավարար էր, կյանքին սպառնացող վտանգ չկար:
Համաձայն վիճակագրության, հիմնականում 16-25 տարեկան տարիքային խումբն է պատասխանատու վնասվածքների զգալի մասի համար՝ անփորձ և անպատասխանատու օգտագործման պատճառով:
Պետք է նորից արձանագրենք, որ ոչ միայն տոնական օրերին, այլև միշտ ծնողները պետք է ուշադիր լինեն անչափահասների կողմից պիրոտեխնիկայի կիրառման հարցում, քանի որ երբեմն հետևանքները կարող են անդառնալի լինել:
Որպեսզի տոնական տրամադրությունը չխաթարվի ձգտենք լինել ուշադիր և պատասխանատու մեր և հարազատների առողջության համար: