11-ամյա պացիենտի մոտ ախտորոշվել է ձախ ենթածնոտային շրջանի ֆլեգմոնա՝ օդոնտոգեն ծագման։
Գանգատներ՝ արտահայտված այտուց, ցավ, բարձր ջերմություն և բերանի բացման սահմանափակում։
Կատարվել է վիրահատություն ընդհանուր անզգայացմամբ՝ ֆլեգմոնայի բացահատում և պատճառային ատամի հեռացում։ Այնուհետև երեխան ստացել է հակաբակտերիալ թերապիա և սիմպտոմատիկ բուժում։
Ֆլեգմոնան երեխաների մոտ ծանր թարախաբորբոքային հիվանդություն է, որը հաճախ ատամնածին է (կարիես, պուլպիտ, պերիօդոնտիտի սրացում)։ Հիվանդությունը զարգանում է արագ և կարող է տարածվել հարակից անատոմիական շրջաններ՝ առաջացնելով լուրջ բարդություններ։
Դիմածնոտային վիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանական և ստոմատոլոգիական ծառայության բժիշկ, մանկական դիմածնոտային վիրաբույժ Անի Հովհաննիսյանը, դիմելով ծնողներին, կոչ է անում հիշել, որ երեխաների մոտ դեմքի կամ պարանոցի այտուցը, ցավը, ջերմությունը և բերանի բացման դժվարացումը պահանջում են անհապաղ բժշկական օգնություն։ Ժամանակին բժշկին դիմելը կարող է կանխել ծանր հետևանքները և ապահովել արագ ապաքինում։

