|
  • Русский
  • English

24/7 աշխատանք՝ հանուն երեխաների առողջության պահպանման

ԵԲՊՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրը բազմապրոֆիլ բժշկական հաստատություն է, որը մատուցում է ախտորոշիչ և բուժական  ծառայություններ՝ հիմնականում մանկական բնակչությանը:

Կենտրոնի կողմից մատուցվող մի շարք ծառայություններ եզակի են հանրապետությունում, մասնավորապես՝ նորածնային վերակենդանացման ծառայությունը, մանկական թունաբանության կենտրոնը, մանկական բարոթերապիայի ծառայությունը, ինչպես նաև մանկական էնդոկրինոլոգիայի կենտրոնը:

245 մահճակալ հզորությամբ հիվանդանոցային համալիրի մարդկային  ներուժը կազմում է 600 բուժաշխատող, որոնք շուրջօրյա հիվանդանոցային և արտահիվանդանոցային ձևով բժշկական օգնություն են ցուցաբերում տարբեր տարիքի երեխաներին:

ԵՊԲՀ  «Հերացիվերլուծական» կենտրոնի կողմից տրամադրած տվյալների համաձայն` «Մուրացան» հիվանդանոցային համալիրում 2021թ.-ին հոսպիտալացվել է 16217 պացիենտ` 49%-ով ավելին է 2016թ.-ի ցուցանիշից, ամբուլատոր սպասարկվել է 26297 պացիենտ` 79%-ով ավելին է 2016թ.-ի ցուցանիշից:

Ընդհանուր առմամբ, երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության համապետական ծավալի շուրջ 17%-ը սպասարկվում է ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի կողմից:

Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակում, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի բազայի վրա ձևավորվել է նաև հանրապետությունում եզակի վաղ մանկական հասակի երեխաների COVID-19 բաժանմունքը:

Հիվանդանոցային համալիրը` գլխավոր բժիշկ, Բոքսային բաժանմունքի ղեկավար, ԵՊԲՀ դասախոս Հռիփսիմե Ապրեսյանի ղեկավարությամբ ջանք չի խնայում 365 օր, 24/7 ռեժիմով աշխատել հանուն փոքրիկների առողջության պահպանման,  բուժօգնության որակի բարելավման, բուժման նոր մեթոդների ներդրման ուղղությամբ:

Առաջիկայում բժշկական մեծ թիմի գլխավոր նպատակն է ընդլայնել երեխաների բուժօգնության ոլորտում մատուցվող ծառայությունները՝ դառնալով մանկական բոլոր ծառայություններն ընդգրկող բազմապրոֆիլ համալսարանական հիվանդանոց։

Դուք մեզ եք վստահում ամենաթանկը` Ձեր առողջությունը: Բոլոր մանուկներին  շնորհավորելով հունիսի 1-ի առթիվ մաղթում ենք ամուր առողջություն և խաղաղ օրեր:

 

 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել