|
  • Русский
  • English

Մարմնի ջերմաստիճան․ ծնողներին հետաքրքրող արդիական հարցերին անդրադարձել է Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար Նունե Բաղդասարյանը։

Մարմնի ջերմաստիճանի բարձրացումը օրգանիզմի նորմալ պատասխանն է զանազան վիճակների դեպքում, որոնցից առավել հաճախ հանդիպողը վարակներն են։
Մարմնի նորմալ ջերմաստիճանն օրվա ընթացքում տատանվում է 36,5-37,2 C սահմաններում: Ծնողներին հետաքրքրող արդիական հարցերին այս անգամ անդրադարձել է ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար Նունե Բաղդասարյանը։


Ինչպե՞ս և ի՞նչ մեթոդով չափել երեխայի ջերմությունը
Տնային պայմաններում ջերմության չափման առավել հուսալի մեթոդը թևատակի ջերմության չափումն է:
Պետք է` 
▪️ սրբել և չորացնել երեխայի թևատակը, 
▪️ ջերմաչափի գլխիկը տեղադրել և հնարավորինս անշարժ պահել՝ երեխայի ձեռքը մոտեցնելով մարմնին, 
▪️ անկախ ջերմաչափի տեսակից (սնդիկային կամ էլեկտրոնային)՝ ջերմաչափումը պետք է տևի 5 րոպե:


Պե՞տք է արդյոք իջեցնել մարմնի ջերմաստիճանը
Կարևոր է հիշել, որ հիվանդության ծանրության և բարդության մասին միշտ չէ, որ խոսում է մարմնի ջերմաստիճանը, առավել կարևոր է երեխայի ընդհանուր վիճակը: Երեխան պետք է անպայման զննվի բժշկի կողմից հետևյալ դեպքերում.
▪️ 3 ամսականից փոքր է և մարմնի ջերմաստիճանը 37,5C և ավելի է: Ջերմիջեցնողը պետք է տալ միայն բժշկի ցուցումով:
▪️ 3-36 ամսական երեխաները, որոնց մարմնի ջերմաստիճանը 38C և ավելի է:
▪️ Ցանկացած տարիքի երեխա, որի մարմնի ջերմաստիճանը 39C և ավելի է:
▪️ Դիտվել են ջերմային ցնցումներ:
▪️ Ցանկացած տարիքի երեխա, որն ունի մարմնի ջերմաստիճանի հաճախակի բարձրացումներ, անգամ եթե տևում է մի քանի ժամ:
▪️ Ցանկացած տարիքի երեխա, որն ունի քրոնիկական հիվանդություններ (սրտի բնածին արատներ, քաղցկեղ, թոքային հիվանդություններ և այլն):
▪️ Ցանկացած տարիքի երեխա, որն ունի մարմնի ջերմաստիճանի բարձրացում և ցան:


ՇՏԱՊ ԴԻՄԵՔ ԲԺՇԿԻ, ԵԹԵ ԵՐԵԽԱՆ՝
▪️Չի արձագանքում Ձեր հարցերին, քնկոտ է, չի արթնանում, սկսել է կաղալ:
▪️Ունի դժվարաշնչություն:
▪️Ունի շուրթերի, լեզվի կամ քթի ծայրի կապտություն:
▪️Ընդունել է առաջ թեքված հարկադրական դիրք և ունի թքահոսություն:
▪️Եթե երեխայի գաղտունն ունի արտափքված կամ ներընկած տեսք:
▪️Ունի պարանոցի մկանների կարկամություն և դժվարությամբ է շարժում պարանոցը:
▪️Ունի գլխացավ:
▪️Ունի ուժեղ ցավ որովայնում:
▪️Եթե երեխան ունի ցան կամ մանուշակաբույն բծեր մաշկի վրա, որոնք չկային մինչև հիվանդանալը:
▪️Հրաժարվում է ցանկացած հեղուկ խմելուց կամ խմում է անբավարար:
▪️Անդադար լաց է լինում:
▪️Շատ կամակոր է կամ գրգռված:


ԶԱՆԳԱՀԱՐԵՔ ԿԱՄ/ԵՎ ԱՅՑԵԼԵՔ ՄԱՆԿԱԲՈՒՅԺԻՆ, ԵԹԵ՝
▪️Առկա է փորլուծություն:
▪️Ունի մեկ օրից ավելի տևող կրկնվող փսխումներ: 
▪️Կան ջրազրկման նշաններ (քիչ քանակի է միզում, լաց է լինում առանց արցունքների, ունի թուլություն):
▪️Կան այլ գանգատներ, օրինակ՝ ցավ կոկորդում, ականջացավ:
▪️Միզելը ցավոտ է:

Ե՞րբ տալ ջերմիջեցնող
▪️ Այն երեխաների շրջանում, որոնք ունեն ուղեկցող հիվանդություններ (սրտանոթային, թոքային, նյարդային համակարգի և այլն): 
▪️ Ապացուցված չէ, որ նախկինում ջերմային ցնցումներ ունեցող երեխաներին ջերմիջեցնողներ տալը կանխում է հաջորդ ցնցումը, բայց փորձել կարելի է:
▪️ Ջերմիջեցնողներ տալու հիմնական նպատակը երեխայի ինքնազգացողության բարելավումն է:
Ե՞րբ պետք չէ տալ ջերմիջեցնող
▪️ Հիմնականում երեխաների մեծամասնությունը, ովքեր ջերմում են, չունեն այլ հիվանդություններ և իրենց վատ չեն զգում, կարիք չունեն ջերմիջեցնողների: 
▪️ 3 ամսականից մեծ երեխաների 38,5 և ավելի ջերմության դեպքում, եթե ինքնազգացողությունը տուժած է, կարող են ջերմիջեցնողների կարիք ունենալ:
Ի՞նչ ջերմիջեցնողներ ընտրել
Մանկական տարիքում օգտագործվող հիմնական ջերմիջեցնողներն են պարացետամոլ և իբուպրոֆեն պարունակող դեղերը: Պետք է հիշել, որ ջերմիջեցնողների չափաբաժինը հաշվարկվում է ըստ երեխայի քաշի, ոչ թե տարիքի:


Հարցերի դեպքում կամ խորհրդատվության համար զանգահարել +37410450230: 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել