Գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգերը դիաբետի հսկման արդյունավետ և վստահելի միջոցն են աշխարհում:
Մեր երկրում մեկնարկել է առողջապահական, պետական նոր ու կարևոր ծրագիր, որի նպատակն է դիաբետ ունեցող երեխաների, դեռահասների առողջության և կյանքի որակի բարելավումը՝ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգերի (ԳՇՄՀ) ներդրման միջոցով։
Դեկտեմբերի 23-ին ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիայի կլինիկայի Դիաբետի ուսուցման կենտրոնում գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի սարքերը երեխաներին տրամադրմանը, համակարգերի տեղադրմանը ներկա գտնվեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի, Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, ամբիոնի վարիչ Ելենա Աղաջանովայի ուղեկցությամբ տեղում ծանոթացավ դիաբետ ունեցող պացիենտների առողջության պահպանմանն ու կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրի մեկնարկին:
Ինչպես փաստեցին Էնդոկրինոլոգիայի համալսարանական կլինիկայի մասնագետները, սարքը հնարավորություն կտա կանխել շոկային երևույթները և բարդությունների առաջացումը, նաև կօգնի բժիշկներին բուժման գործընթացում և ծնողներին՝ երեխայի սննդի օրակարգը մշակելիս: Այս սարքով չափվում է ոչ թե գլյուկոզան արյան մեջ, այլ միջբջջային հյուսվածքում ամեն րոպե:
Դիաբետը կարևոր բժշկասոցիալական խնդիր է, որը կարող է հանգեցնել հաշմանդամության, ինչպես նաև կյանքի միջին տևողության կրճատման։
Հայաստանում 2025թ․ դրությամբ շուրջ 1000 երեխայի մոտ ախտորոշված է շաքարային դիաբետ:
ԳՇՄՀ համակարգերը հնարավորություն են ընձեռում իրական ժամանակում հետևել գլյուկոզայի մակարդակին, կանխատեսել վտանգավոր տատանումները և ապահովել շահառուների անվտանգությունը՝ նվազեցնելով հիպոգլիկեմիայի և հիպերգլիկեմիայի առաջացման ռիսկերը։ Սարքերը տրամադրում են օրական 1440 չափում՝ ի տարբերություն ավանդական գլյուկոմետրերի, որոնց միջոցով չափումները ոչ միայն ցավոտ են ու տրավմատիկ, այլև դրանցով հնարավոր է կատարել օրական առավելագույնը 6-8 չափում։
«Եվս մեկ կարևոր ծրագիր ենք մեկնարկում՝ երեխաների շաքարային դիաբետի, գլյուկոզայի 24-ժամյա մոնիթորինգային, սենսորային այս սարքերն ենք տեղադրում: Այս ծրագրի շուրջ քննարկումները մեկնարկել են դեռ մի քանի տարի առաջ։ Այն բավական ծախսատար ծրագիր է, և երկար ուսումնասիրությունների, ամբողջական նկարագրի առումով շատ ժամանակ ենք անցկացրել, աշխատել ենք ծնողների հետ, բժիշկների հետ, և, ի վերջո, ունեցանք ամբողջական թե՛ սենսորների, թե՛ դրանց կրթական և խորհրդատվական հատվածի ամբողջական ծրագիրը։ Ծրագրի մեկնարկի, սարքերի ձեռքբերման համար Կառավարությունն այս տարի 800 մլն դրամ է հատկացրել, որպեսզի մեր երեխաների համար կարողանանք ապահովել բուժօգնության է’լ ավելի բարձրորակ պայմաններ», — լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարը` նկատելով, որ այսպիսով թե՛ երեխաների և թե՛ ծնողների կյանքի որակն է փոխվելու:
Օրվա մեջ ծնողները և երեխաներն այլևս մի քանի անգամ պարտադրված չեն լինելու ծակել մատը, չափել արյան մեջ շաքարի քանակը, ըստ այդմ կարգավորել ինսուլինի չափաքանակը և այլն։
«Դիաբետն ամբողջ աշխարհում, առաջին հերթին, առավել ևս մանկական դիաբետը, տևողությամբ լրջագույն խնդիր է և այնպիսի վնաս է հասցնում օրգանիզմին, որ հետագայում լրջագույն խնդիրներ են առաջանում` վերարտադրողական, երիկամների, տեսողության հետ կապված և այլն: Այսինքն` ամբողջ օրգան-համակարգերը կարող են ախտահարել: Եվ պետության կողմից նման ծրագիր իրականացնելը, որը միտում ունի երեխաների առողջությունն ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե պահել վերահսկողության ներքո, լրջագույն հաղթանակ է, իրական առողջապահություն: Եվ մենք կանխում ենք հնարավոր հիվանդությունները, ժառանգական հիվանդությունների հնարավոր բարդությունները: Երեխաները խաղալու են, քնելու, դասի են գնալու, ամեն պահ իրենց առողջությունը լինելու է վերահսկողության ներքո, ինչը թույլ է տալու խուսափել տասնյակ տարիներ հետո լրջագույն խնդիրներից, որոնք առաջացնելու են մի շարք մուլտիպլիկացիոն այլ հարցեր», — նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` հավելելով, որ դիաբետ ունեցող երեխայի առողջական խնդիրը հաղթահարվում է նման մոնիթորինգի ներդրումով, և այս պահից սկսած` Հայաստանում դա իրականություն է:
«Համոզված եմ, որ ծնողներին, բժիշկներին, դաստիարակներին, բոլոր այն մարդկանց, ովքեր մուտք կունենան այդ ծրագրին, թույլ կտա խուսափել հնարավոր բոլոր տեսակի բարդություններից և միջինացված ցուցանիշով հնարավորություն կտա ավելի արդյունավետ բուժում իրականացնել, ավելի քիչ վնասակարությամբ և ունենալ առողջ սերունդ նման ծրագրերի շնորհիվ»,- շեշտեց Արմեն Մուրադյանը:
Նշենք, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիայի կլինիկան հանրապետության միակ մանկական էնդոկրին բաժանմունքն է, որին կից գործում է նաև հանրապետական մանկական էնդոկրին դիսպանսերային ծառայությունը։
Այստեղ հաշվառված է առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող շուրջ 1000 երեխա (ընդհանուր հանրապետությունից):
Կլինիկան սպասարկում է ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին։

















