Աճուկային ճողվածքը բնութագրվում է տվյալ շրջանում արտափքվածության առաջացմամբ։ Վերջինս տարբերակվում է աճուկային և աճուկափոշտային, տեսքով լինում է գնդանման կամ օվալ կառուցվածքի։
Մանկական վիրաբույժ Արսեն Շահնազարյանը նշում է, որ ճողվածքապարկն իրենից ներկայացնում է բունոցային ելունը, որի պարունակության մեջ հաճախ լինում է աղեգալարը, իսկ աղջիկների դեպքում ձվարանը։
Բուժումը վիրահատական է և իրականացվում է պլանային կարգով։
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ ախտանիշներին՝ երբ գնդաձև արտափքվածությունից բացի նկատվում է նաև երեխայի լաց, անհանգիստ վիճակ, սննդից հրաժարում, փսխումներ:
Մասնագետի խոսքով՝ նշյալ ախտանիշները աճուկային շրջանի գնդանման արտափքվածության պահպանման դեպքում խոսում են ճողվածքի օղակման մասին։ Այս դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել մանկական վիրաբույժի խորհրդատվության։
Ճողվածքի չներուղղվելու դեպքում վիրահատությունը իրականացվում է շտապ կարգով։