|
  • Русский
  • English

Վիտամին միներալային հավելումները փոքրիկի իմունիտետը չեն բարձրացնում, ամենակարևորը՝առողջ սնունդն է. մաս առաջին

Երեխաները կարիք ունեն բազմապիսի վիտամիննների և միներալների, որոնք կապահովեն նրանց աճը, զարգացումը և առողջության որակը:

Հիմնական վիտամինները որոնցկարիքը զգում է աճող երեխայի օրգանիզմը, վիտամին A, B, C, E, K: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Մարի Դարակչյանը նշում է, որ միներալներից առանձնապես կարևոր են կալցիումը, երկաթը, յոդը և ցինկը:

Մանկաբույժն ընդգծում է, որ վիտամինները և միներալները լավագույնս յուրացվում են օրգանիզմի կողմից և լավագույնս անվտանգ հարաբերակցության մեջ են գտնվում սննդի հետ:

Հետևապես սննդի 5 հիմնական խմբերը պետք է ներառել երեխայի ամենօրյա սննդակարգում, և դա  կապահովի վիտամինների և միներալների բավարար քանակ երեխաների մոտ:

Սննդի հիմնական 5 խմբերը ներառում են մրգեր, բանջարեղեն, հատիկեղեն, սպիտակուցային սնունդ և կաթնամթերթ: Կարևորագույն սննդամթերքներին են պատկանում միսը, ձկնեղենը, հավը, ձուն, տարատեսակ լոբազգիները: Պետք չէ մոռանալ նաև ընդեղենի մասին: Վիտամինները լինում են ճարպալույծ և ջրալույծ:

Վիտամին A մեր օրգանիզմը կարող է ստանալ կաթից, մսից ձվից ինչպես նաև բոլոր այն մթերքներից, որոնց մեջ վերջինս ավելացված է նպատակային՝ կաթ, հյութեր: Այս վիտամինի կարևորությունն այն է, որ այն ապահովում է նորմալ տեսողություն, առողջ մաշկ, լավ զարգացում և առողջ իմունային ֆունկցիա:

B խմբի վիտամինները կազմում են մեծ խումբ` ներառելով հետևյալ վիտամինները՝ B1, B3, B6, B12:

B1-թիամին, պարունակվում է ձկնեղենում, մսեղենում, ինչպես նաև բոլոր այն մթերքներում, որտեղ մենք ունենք թթխմորով պրոցեսներ: Այն օգնում է ստանալ էներգիա սննդամթերիքից, ինչպես նաև ապահովում նյարդային համակարգի և մկանային համակարգի ճիշտ աշխատանքը:

Վիտամին B3-ն օգնում է ստանալ էներգիա սննդից, և պարունակվում է  մսում, ձկնեղենում, ընդեղենում:

B6-պիրիդոքսին  առկա է վերոթվարկյալ սննդամթերում գումարած զանազան բանջարեղեններ: Օգնում է, որպեսզի ստանանք էներգիա սպիտակուցներից, բացի դրանից նպաստում է էրիթրոցիտների արտադրմանը, ուղեղի նորմալ գործունեությանը:

B-12 կամ կոբալամին: Մենք ստանում ենք հիմնականում այն մթերքներից, որոնք կենդանական են. միսը, ձուն, ձուկը և կաթը:  Այն օգնում է էրիթրոցիտների նորմալ արտադրությանը, աճին,  շատ կարևոր ազդեցություն ունի կենտրոնական նյարդային համակարգի մելինիզացիոն պրոցեսների համար:

Վիտամին C ստանում ենք մրգերից՝ ցիրտուսային մրգեր, կիվի, բանջարեղեններից՝ կարտոֆիլ: Որոշակի դեր ու նշանակություն ունի ինֆեկցիաների դեմ պայքարի ժամանակ, նպաստում է երկաթի նորմալ ներծծմանը: Առողջ է պահում ատամները, ոսկրերը և լնդերը: Կարող ենք կորցնել օգտակարությունը եփելու դեպքում:

Վիտամին D-ի մասին շատ է խոսվում, սինթեզվում է արևի անմիջական ճառագայթների ներքո կամ կարող ենք ստանալ ձկից, ձկան լյարդի յուղից, դեղնուցից, սնկից, կարագից կամ մարգարինից, ոսկրերի առողջությանն ու կալցիումի ներծծմանն է նպաստում:

Վիտամին E-ն ստանում ենք արևաձաղկից, կանոլայի յուղերից, ընդեղենից, որոշակի տեսակի կորիզներից: Օգնում է իմուն համակարգին ճիշտ աշխատել, նպաստում է առողջ մաշկի և աչքերի ֆունկցիային:

Վիտամին K-ի դերը շատ կարևոր է կյանքի առաջին օրերին և առաջին ամսվա ընթացքում, այն մեր մակարդիչ համակարգի կարևոր մասնիկն է: Առկա է կանաչ տերևներով բանջարեղենների մեջ` բրոկոլի, սպանախ, ինչպես նաև ձվում և լոբազգիներում:

Հայաստանում բոլոր նորածինները ստանում են վիտամին K-ի միջմկանային ներարկում կյանքի առաջին ժամերին:

Բժիշկը շեշտում է՝ տալով երեխաներին վիտամիներալային հավելումներ՝ փոքրիկի իմունիտետը չի բարձրանում, ամենակարևորն այն է, որ նա ստանա լիարժեք սնունդ:

Թեման կունենա նաև շարունակություն:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել