«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում գործում է Մուկովիսցիդոզի կենտրոն։
Ենթաստամոքսային գեղձի կիստոզ ֆիբրոզը կամ մուկովսիցիդոզը հազվադեպ գենետիկ հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է շնչառական համակարգը, մասնավորապես հարքթային խոռոչները ու թոքերը, ստամոքսաղիքային համակարգը։
Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս, Մանկաբուժության թիվ 1 կլինիկայի մանկաբույժ Սաթենիկ Հարությունյանը նշում է, որ վերջին տասնամյակների ընթացքում հիվանդության մասին պատկերացումները էական փոփոխվել են ՝ մուկովիսցիդոզը դարձել է կառավարելի, երբեմն նաև բուժվող հիվանդություն, այն ախտորոշվում է նաև հասուն տարիքում, ի հայտ է եկել մեծահասակների մուկովիսցիդոզ տերմինը։
2006թ. ՀՀ առողջապահության նախարարի հրամանով համալսարանական մանկական կլինիկայում ստեղծվեց մուկովիսցիդոզի դիսպանսեր կենտրոնը՝ հանրապետության ողջ բնակչությանը սպասարկելու գործառույթով։
Ստեղծման օրվանից կենտրոնն ակտիվ համագործակցում է ՌԴ և Եվրոպական շատ երկրների մուկովիսցիդոզի կենտրոնների և միությունների, հիվանդների և ծնողական եվրոպական ասոցիացիաների հետ։
2017թ. կենտրոնն անդամակցում է Եվրոպայի Մուկովիսցիդոզի միության պացիենտների ռեգիստրին։
Մուկովիսցիդոզի կենտրոնի մասնագետները վերապատրաստվել են ՌԴ, Եվրոպայի առաջատար մուկովիսցիդոզի և Թոքաբանության կլինիկաներում, մասնակցում են համագումարների և համաժողովների, մասնագիտական հանդիպումների և քննարկումների։ Կենտրոնի կողմից հրատարակվել են ուղեցույցներ բժշկական հանրության համար։
Նշենք, որ մուկովիսցիդոզը հիվանդություն է, որի ժամանակին և ճիշտ ախտորոշումը էական փոխում է այս ծանր, բայց միևնույն ժամանակ արդեն կառավարելի հիվանդության ընթացքը։
Եվ այսպես, ինչ կլինիկական նշանների դեպքում կարող է բժիշկը ուղղորդել մուկովիսցիդոզի կենտրոն կամ հրավիրել մուկովսիցդոզի խորհրդատու մասնագետ՝
- Նորածնի առաջնային կղանքի՝ մեկոնիումի ուշացած հեռացում, դրա հեռացման դժվարեցում՝ ուղեկցվող փորափքանքով, փսխումներով (ավելի քան 48 ժամ),
- նորածնի երկարատև ավելի քան 14 օր տևող դեղնուկ, որն ուղեկցվում է կղանքի անգունացումով, մեզի մգացումով և եթե արյան մեջ հայտնաբերվում է բլիրուբինի ուղղակի բաժնի շատացում,
- նորածնի, կրծքի հասակի երեխաների փսխումներ, ջրազրկում, հրաժարում ուտելուց՝ ուղեկցվող արյան մեջ նատրիումի, կալիումի, քլորի քանակի նվազումով՝ այլ պատճառների բացառման պարագայում,
- ձգձգվող և քրոնիկ լուծ, որն ուղեկցվում է քաշի վատ ավելացումով, անմարս, յուղոտ կղանքով, ուղիղ աղիքի արտանկումով,
- քաշի անբավարարություն, հատկապես աղիքային նշանների դեպքում,
- երկարատև կպչուն հազով, աղմկոտ շնչառությունով կրկնվող, ձգձգվող, մեծ մասամբ ծանր ընթացքով շնչառական վարակներ, ախտորոշմանը չենթարկվող ասթմա, ավագ հասակի երեխաների շրջանում՝ քթի ծոցերի քրոնիկ թարախային բորբոքում, պոլիպներ,
- ենթաստամոքսային գեղձի կրկնվող բորբոքումներ,
- առաջնային շաքարային դիաբետ կրկնվող կամ քրոնիկ շնչառական գանգատներով։
Մուկովիսցիդոզ ախտորոշումը կասկածելի է նաև մեծահասակների շրջանում եթե առկա են՝
- քթի ծոցերի քրոնիկ, բուժմանը կայուն բորբոքում,
- տարածուն բրոնխաէկտազներ կոմպյուտերային տոմոգրաֆիկ հետազոտությունով, որոնք ախտորոշվում են որպես «իդիոպաթիկ բրոնխաէկտազներ»,
- տղամարդկանց ամլություն, հատկապես ուղեկցվող քրոնիկ շնչառական գանգատներով, շաքարային դիաբետով
Խորհրդատվության համար դիմել`
«Մուրացան» համալսարանական հիվանդանոց,
Մուկովիսցիդոզի կենտրոն
Հասցե՝ Մուրացան 114
Հեռ։ 094244906, 010453302