|
  • Русский
  • English

Ինչպե՞ս ընտրել ճիշտ հագուստ երեխայի համար

Մի քանի օր է, օդում արդեն թևածում է աշնանային շունչը: Ամռան ավարտն ազդարարող զովությունը ծնողների առաջ կարևոր խնդիր է դնում. ինչ հագցնել երեխաներին, որպեսզի ոչ մրսեն և ոչ էլ շոգեն:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի թիվ 1 մանկաբուժական կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Սիմոնյանն անդրադառնում է արդի թեմային` տալով պատասխաններ ծնողներին հետաքրքրող հարցերին:

Փորձելով պաշտպանել երեխաներին՝ ծնողները հաճախ չափից շատ են հագցնում նրանց՝ մոռանալով երեխաների ջերմակարգավորման առանձնահատկությունների մասին։

Մանկաբույժը հիշեցնում է, որ մինչև 3 տարեկան երեխայի օրգանիզմն ի վիճակի չէ պահպանել մարմնի կայուն ջերմաստիճանը։

Այդ պատճառով, եթե ձեր երեխան չափից շատ է հագնված, նա կարող է գերտաքանալ, իսկ եթե հագցնել ոչ բավարար, ապա՝ մրսել։

Հետևաբար շատ կարևոր է ընտրել ճիշտ հագուստ երեխայի համար։

Հատկապես ուշադիր պետք է լինել մինչև 3 ամսական երեխաների դեպքում․ չափազանց շատ հագնված երեխան ավելի հակված է մրսածության, ինչը պայմանավորված է ջերմակարգավորման համակարգի ոչ ճիշտ աշխատանքով։ Մանկական օրգանիզմը սովորում է պայքարել գերտաքացման դեմ, և ջերմաստիճանի ցանկացած իջեցում օրգանիզմի կողմից ընկալվում է որպես սթրես, որի դեպքում օրգանիզմը չի կարող համարժեք արձագանքել։

Ցուրտ կամ քամոտ եղանակին ծնողը երեխային պետք է հագցնի այնպես, ինչպես ինքն է հագնվում՝ մի քանի շերտ։

Խորհուրդ է տրվում երեխային հագցնել երեք շերտից ոչ ավելի, հակառակ դեպքում՝ հավելյալ շերտերը կարող են գերտաքացում առաջացնել։

Օրինակ՝ հագուստի առաջին, ստորին շերտը պետք է կազմի բամբակե արտադրանքը (բոդի, տակդիր)։ Երկրորդ, միջանկյալ շերտը, որի հիմնական գործառույթը լրացուցիչ տաքացումն է, կարող են կազմել գործած սվիտերները, զուգագուլպաները, վարտիքները: Երրորդ, վերին շերտը պաշտպանում է ցրտից․ նորածինների համար օգտագործվում են գործած ծրարներ՝ հիպոալերգեն տաքացուցիչներով։ Ավելի մեծ տարիքում կարելի է օգտագործել նաև տաքացուցիչներով կոմբինեզոններ։

Նշենք նաև, որ խորհուրդ է տրվում սկսել բացօթյա զբոսանքները նորածնի կյանքի արդեն յոթերորդ օրվանից։ Սակայն զով եղանակին առաջին զբոսանքի տևողությունը չպետք է գերազանցի հինգ րոպեն։ Ապա աստիճանաբար պետք է ավելացնել ժամանակը։ 1 ամսականում երեխան մաքուր օդին պետք է անցկացնի երկու, իսկ 2-3 ամսականում՝ արդեն երեք ժամ։

Երեխան հանգիստ է, եթե․

  • տաք են ձեռքերը,
  • տաք և չոր է մեջքը։

Երեխան մրսում է, եթե․

  • գունատ է դեմքը,
  • սառն են ձեռքերը,
  • սառն է վիզը։

Երեխան շոգում է, եթե․

  • խոնավ են մազերը,
  • տաք են թուշիկները,
  • թաց են ձեռքերը,
  • թաց է մեջքը։

 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել