|
  • Русский
  • English

Ինչպե՞ս անցկացնել տոնական օրերն ուրախ, առանց հիվանդանալու ռիսկերի

Նոր տարին մանուկների սիրելի տոնն է, և երեխաներն անհամբերությամբ սպասում են ամանորյա հրաշքներին ու Ձմեռ պապիկի նվերներին։

Նոր տարի․ մանդարին, կոնֆետներ, զարդարված տոնածառ։ ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Սիմոնյանը նշում է, եթե Ձեր երեխան ունի ալերգիա, հիշե՛ք, որ տոնածառը, ինչպես բնական, այնպես էլ արհեստական, կարող է նպաստել ալերգիայի սրացմանը։

Բնական եղևնին կարող է պարունակել փոշի, բորբոսներ, միջատներ, ցողված լինել վնասատուների դեմ պայքարի համար նախատեսված հեղուկով։

Խորհուրդ է տրվում լվանալ այդպիսի եղևնին տաք ջրով, չորացնել, հետո միայն տեղադրել և զարդարել։

Արհեստական եղևնիները ևս կարող են երեխայի մոտ ալերգիայի սրման պատճառ հանդիսանալ։

Դրանք նույնպես պետք է լվանալ, ինչը համեմատաբար ավելի հեշտ է, և հեռացնել եղևնու վրա նստած փոշին։

Բացի դրանից, այդպիսի եղևնիները կարող են մշակված լինել հատուկ հոտավետ նյութերով, սոճու բույրով, որոնց նկատմամբ երեխան կարող է ալերգիա ունենալ։

Կարևոր է հիշել, որ ալերգիկ ռեակցիան կարող է դրսևորվել ոչ միայն մաշկի վրա ցանով, քորով, փռշտոցով և հազով, այլև կյանքին սպառնացող իրավիճակով՝ Կվինկեի այտուցի տեսքով։

Անհնար է ամեն ինչ կանխատեսել, այդ պատճառով ձեռքի տակ պետք է ունենալ բժշկի կողմից նշանակված հակահիստամինային դեղամիջոցներ, լավագույնը՝ հեղուկ վիճակում, քանի որ դեղամիջոցն այդ վիճակում ավելի արագ է ներծծվում օրգանիզմի կողմից, ինչպես նաև համապատասխանում է և՛ երեխաներին, և՛ մեծահասակներին։

Բոլորին ուրախ տոներ, խաղաղ օրեր:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել