|
  • Русский
  • English

Ալերգիաների բուժման ամենատարածված սխալները երեխաների շրջանում

Ալերգոլոգ, ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի դասախոս Նունե Հովհաննիսյանը ալերգիաներին վերաբերող հաճախ տրվող հարցերն է ներկայացնում:

Անհիմն դիետաներ. որոշակի սննդամթերքների բացառումը երեխայի ռացիոնից՝ հիմնվելով միայն հետազոտությունների արդյունքների վրա կամ պարզապես համարելով դրանք դասական ալերգեններ։ Այսինքն՝ չի գնահատվում տվյալ սննդամթերքի կապը օգտագործման և ախտանիշների առաջացման հետ: Բացի այդ, անհիմն սննդակարգերը ոչ միայն ազդում են երեխայի և ծնողների կյանքի որակի վրա, զրկում նրանց անհրաժեշտ սննդանյութերից և ձևավորում վախ սննդի նկատմամբ, այլև ինքնին կարող են հանգեցնել տոլերանտության կորստի և ալերգիայի զարգացման:

Բրոնխիալ ասթմայի գերախտորոշում. սուր շնչառական վարակների ֆոնին զարգացող բրոնխօբստրուկտիվ համախտանիշով կրկնվող բրոնխիտների էպիզոդները։ Եթե երեխան չի ունենում շնչառական որևէ գանգատ այդ էպիզոդների միջև, ասթմայի ախտորոշումը դառնում է խիստ կասկածելի։

Բրոնխիալ ասթմայի թերախտորոշում. այս դեպքում տեղի է ունենում վերը նկարագրվածի ճիշտ հակառակը, բաց է թողնվում ասթմայի ախտանիշների զարգացումը (հազ, դիստանտ խզզոցներ, շնչահեղձություն, սեղմող զգացողություն կրծքավանդակում ֆիզիկական վարժությունների ընթացքում, սառը օդ կամ սուր հոտեր ներշնչելիս և կամ ալերգենների առկայություն պարագայում), ինչը պահանջում է ամբողջական և կանոնավոր թերապիա, այլ ոչ բուժում «ըստ պահանջի»։ Պետք է հիշել, որ «չբուժված» ասթման կարող է հանգեցնել բրոնխների կառուցվածքային վերակազմավորման։

Դեղերի անկանոն օգտագործումը քրոնիկ հիվանդությունների ընթացքում. օրինակ՝ սեզոնային ալերգիկ ռինիտի ախտանշանները կարող են անհանգստացնել ծաղկման ողջ շրջանում, սակայն երեխաներն իրենց ծնողների հորդորով համառորեն դիմանան և դեղորայք ընդունեն միայն այն ժամանակ, երբ վիճակը դառնա անտանելի՝ պատճառաբանելով «կախվածություն» ձեռք բերելու վախը։ Իրականում հակաալերգիկ դեղամիջոցների մեծ մասը հազվադեպ է կախվածություն առաջացնում, իսկ բուժման բացակայությունը կարող է վատթարացնել երեխայի վիճակը և նույնիսկ մեծացնել դեղորայքի կիրառման անհրաժեշտությունը:

ASIT-ի՝ ալերգեն սպեցիֆիկ իմունոթերապիայի անտեսում. ASIT-ն ալերգիկ ռինիտի և ասթմայի հիվանդությունը փոփոխող միակ բուժումն է։ Այն կարող է պաշտպանել ասթմայի զարգացումից, առկա ասթմայի վատթարացումից և ալերգիայի նոր տեսակների ավելացումից։ Ուստի որքան շուտ սկսվի այս բուժումը, այնքան ավելի արդյունավետ կլինի: Եղեք առողջ:

Հարցերի դեպքում կամ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 010 301000 ներքին 559 կամ 093678876 հեռախոսահամարներով:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել